‘Վատիկանյան «աքսո՞ր», թե՞ «ժառանգորդ» օպերացիայի մեկնարկ. Ինչու է Ս.Սարգսյանը փեսային ուղարկում Վատիկան ‘

5063

Սերժ Սարգսյանը երեկ ի վերջո ստորագրեց այն հրամանագիրը, որով իր փեսա Միքայել Մինասյանին նշանակեց Վատիկանում ՀՀ դեսպան: Մինասյանին այդ պաշտոնում նշանակելու համար պաշտոնից ազատվեց դեսպան Վիգեն Չիտեչյանը. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Չիտեչյանը նաեւ համատեղության կարգով Վատիկանում ՀՀ դեսպանն էր: Այսպիսով, հրամանագիրը ստորագրված է եւ Մինասյանը շուտով կմեկնի Հռոմ, եթե, իհարկե, դեռ չի մեկնել: Այդուհանդերձ, Մինասյանի նշանակման կապակցությամբ որոշ անպատասխան հարցեր են ի հայտ գալիս: Գոնե առայժմ:

Պատվավոր աքսո՞ր

Դեռ հին ժամանակներում որոշակի պաշտոն կամ հասարարակական դիրք զբաղեցնող անձանց այսպես կոչված ապտվավոր աքսորի ուղարկելը ընդունված երեւույթ էր: Շառից,փորձանքից ու գահից հեռու` նշանակում էին մի թվում էր, թե կարեւոր պաշտոնի, եւ ուղարկում մայրաքաղաքի, իսկ երբեմն նաեւ` երկրի սահմաններից հեռու: Անակնկալներից ապահովագրված լինելու համար` նրանց ֆիզիկապես հեռու էին պահում: Ուրեմն, հին աշխարհում եւ միջնադարում սա սովորական մի ավանդույթ էր: Դառնանք, սակայն, մեր պաշտոնյաներին: Տեսակետներ կան, որ Մինասյանի նշանակումն ընդամենը պատվավոր աքսոր է հիշեցնում, առավելեւս, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հրամանագիրը` Վատիկանում ՀՀ դեսպանատուն բացելու վերաբերյալ ստորագրել է ընտրությունների հաջորդ իսկ օրը` փետրվարի 19-ին: Ասել է թե, փեսան լավ չի իրականացրել իր առջեւ նախագահական ընտրությունների ժամանակ դրված խնդիրները: Ու ամենեւին էլ էական չէ, թե` ի՞նչ խնդիրներ էին դրվել, որո՞նք են դրանցից իրականացվել, իսկ որոնք` ոչ: Բայց այն, որ այս նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական արշավն ուղղակի խայտառակ ընթացք է ունեցել, աներբկա է: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրեց այնպիսի ելույթներ ունենալ, այնքան թեւավոր խոսքեր պարգեւել հանրությանը, որ միայն դա արդեն բավարար էր քարոզարշավը համարել տապալված: Այսպիսով, չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանին չի գոհացրել իր փեսայի աշխատանքը ընտրությունների շրջանում, եւ այդ իսկ պատճառով որոշել է վերոնշյալ պատվավոր աքսորի ուղարկել փեսային:

«Ժառանգորդ» օպերացիայի մեկնարկ

Չի բացառվում, սակայն, որ Մինասյանին Վատիկանում ՀՀ դեսպան նշանակելը լիովին այլ պատճառներ ունի: Եթե Քոչարյանի ժամանակ բացահայտ խոսվում էր այն մասին, որ վերջինիս քաղաքական ժառանգորդը լինելու է Սերժ Սարգսյանը, ապա վերջինիս պարագայում բավականին երկար ժամանակ խոսակցություններ կան, որ ժառանգորդը պետք է լինի փեսան: Ի դեպ, այս պրակտիկան հատուկ է միջինասիական երկրերին: Հետեւաբար, չի բացառվում, որ փեսային Վատիկան ուղարկելով փաստացի տրվում է «ժառանգորդ» օպերացիայի մեկնարկը: Միքայել Մինասյանն, ի դեպ, այս առումով բավականին ֆենոմենալ անձնավորություն է. լինելով քաղաքական դաշտի գորշ կարդինալ, մարդ, ով երբեք հանդես չի եկել որեւէ ելույթով կամ ասուլիսով, երբեք հարցազրույց չի տվել, երբեք նրան չենք տեսել հրապարակային դաշտում, սակայն, անգամ այդ պարագայում Մինասյանը հասցրել է ավելի բացասական ֆիգուր դառնալ, քան նույնիսկ Թոխմախի Մհերներն ու Նեմեցները: Ու եթե «ժառանորդ» օպերացիան իրական է, ապա բնական է, որ Սարգսյանը պետք է սկսի փեսային մաքրելու, կամաց-կամաց հրապարակային քաղաքականություն մտցնելու գործընթաց:

Եւ դեսպան նշանակելը այդ ուղղությամբ արված առաջին քայլն է: Սկզբում դեսպան: Հետո որպես դեսպան` հարցազրույցներ, հանդիպումներ, հրապարակային խոսքեր, ելույթներ, ասել է թե` Մինասյանին կսկսեն կամաց-կամաց դարձել քաղաքական-հրապարակային գործիչ:

Սիմբիո՞զ

Չի բացառվում, ի դեպ, որ այս երկու տարբերակներն էլ իրատեսական են, եւ այս երկու տեսակետները ոչ թե հակասում են միմյանց, այլ` փոխլրացնում են: Ասել կուզի` աները համ ջղայնացել է, համ էլ` «փեսա-ժառանգ» օպերացիային է նախապատրաստվում:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Խզմալյան. Իշխանությունը Հրապարակում է, ոչ թե «Բ-26»-ում’
Հաջորդ հոդվածը‘Նելսոն Մանդելան դուրս է գրվես հիվանդանոցից’