‘Վատիկանում առաջին անգամ կցուցադրվեն Պետրոս առաքյալի մասունքները’

977

Կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին, կաթոլիկ գլխավոր տաճարում առաջին անգամ կցուցադրվեն Պետրոս առաքյալի մասունքները: Այդ ակցիան կդառնա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հռչակած «Հավատի տարին» ավարտելու բարձրակետը: Այդ մասին հայտնել է Պապական խորհրդի նախագահ Ռինո Ֆիզիկելլան՝ նշելով, որ այդ քայլով եկեղեցին ճանաչում է մասունքների իսկությունը: Թե մասունքների հատկապես որ մասն է ներկայացվելու հանրությանը տաճարի ստորգետնյա  պահոցում՝ առայժմ չի հստակեցվել:

1930-ական թթ. վերջին սուրբ Պետրոսի տաճարի տակ հնագիտական պեղումների ժամանակ հայտանաբերվել էին վաղքրիստոնեական դամբարաններ, որոնցից մեկը, մակագրությունների և հնագույն գրավոր վկայությունների քննությունից հետո, ճանաչվել էր Պետրոս առաքյալի դամբարանը: Ավանդության համաձայն՝ Պետրոսը նահատակվել է  67 թ. Հռոմում և թաղվել հենց այն վայրում, որտեղ այսօր խոյանում է Վատիկանի բազիլիկ տաճարը: Մինչ օրս Սուրբ գահը, ըստ էության, երբեք պաշտոնապես չէր հայտարարել ողջ աշխարհի քրիստոյնաների համար կարևորագույն այդ մասունքների իսկության մասին՝ միայն զգուշորեն նշելով, թե «կարելի է համարել, որ Հռոմի առաջին պապի գերեզմանը հայտնաբերված է»:

Ընդունված վարկածի համաձայն՝ Պետրոսը մահապատժի է ենթարկվել Ներոնի կրկեսում և թաղվել մոտակա գերեզմանոցում: Մոտավորապես 80 թվականից՝ նրա գերեզմանն սկսել են հսկել քրիստոնյաները՝ գերեզմանի շուրջը քարե պարիսպներ կառուցելով:

Վատիկանի իշխանությունները համոզված են, որ սուրբ մասունքները տեսնելու համար հավատացյալների և զբոսաշրջիկների լայնածավալ ուխտագնացություն է սպասվում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թահրիրի հրապարակից կրկին քշում են ցուցարարներին’
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ. Շվեյցարիան Անկարայի որևէ առաջարկ չի փոխանցել հայկական կողմին’