‘Վարդան Հարությունյան. Այսօր այլ իրականության մեջ ենք ապրում ‘

1365

Ilur.am-ի հարցերին պատասխանում է խորհրդային ժամանակների քաղբանտարկյալ, իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը

— Պարոն Հարությունյան, օրերս Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը բանաձեւ ընդունեց, որում հստակ սահմանված են այն չափորոշիչները, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալ: Սակայն այդ բանաձեւն ընդունվել է՝ հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակը, ինչի մասին էլ նշվել է բանաձեւում: Արդյոք սա ապտակ չէ՞ այդ երկրների իշխանություններին:

— Ինքնին տարօրինակ է այն փաստը, որ ԵԽԽՎ-ում քսանմեկերորդ դարում պետք է նստեն եւ քննարկեն քաղբանտարկյալների խնդիրը: Ըստ էության՝ այդ կազմակերպությունում չպետք է լինեն այն երկրները, որոնցում կան քաղբանտարկյալներ: Իսկ եթե կան այդպիսի երկրներ, դա նշանակում է, որ եվրոպացիներն իրենք չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել: Այդպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է, Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, շարունակում են մնալ որպես ետխորհրդային երկրներ: Շատ չափանիշներով նրանք մնում են որպես սովետական երկրներ: Իրենք իրենց պատմությունից, անցյալից չեն կտրվել: Բնական է, որ նրանք ունեն քաղբանտարկյալներ: Եվ եվրոպացիներն էլ ստիպված են նստել ու մտածել, թե ինչ չափորոշիչներ կազմեն, որպեսզի այս կամ այն անձին համարեն քաղբանտարկյալ: Բոլոր այն մարդիկ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների, կրոնական համոզմունքների, իշխանությանն ընդդիմանալու համար, քաղբանտարկյալներ են:

— Իսկ այդ իրավիճակը չէ՞ր ստեղծվի, եթե ԵԽԽՎ-ն մինչ այդ կոշտ պատժամիջոցներ կիրառեր:

— Իմ ասածն էլ դրան է վերաբերում: Պետք է եվրոպացիները խիստ պատժամիջոցներ կիրառեին, ինչը չեն անում: 2008 թ., երբ կալանավորվեցին ընդդիմության՝ հարյուրից ավելի ակտիվիստներ, երկու հարյուրից ավելի մարդ վիրավորվեց, երբ գնդակահարվեցին ՀՀ տասը քաղաքացիներ, ովքեր մինչ այդ նույնիսկ ցույցերի չէին մասնակցել, Հայաստանը շարունակեց ոչ միայն եվրոպական ընտանիքի անդամ մնալ, այլեւ Հայաստանում տիրող վիճակին եվրոպացիները դրական գնահատականներ տվեցին: Իմ կարծիքով՝ եվրոպացիները հետեւողական չեն իրենց դավանած արժեքները պաշտպանելու հարցում:

— Մի քանի ամիս անց սպասվում են ՀՀ Նախագահի հերթական ընտրությունները: Ըստ Ձեզ՝ ԵԽԽՎ այս բանաձեւի ընդունումը կապ ունի՞ այն բանի հետ, որ եվրոպական կառույցները հաշվի են առել ՀՀ Նախագահի նախորդ՝ 2003թ., 2004թ., 2008թ. ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, երբ սկսվում են զանգվածային հետապնդումները, ու քաղաքական հայացքների համար բազմաթիվ մարդիկ ձերբակալվում, կալանավորվում են:

— Կարող է եւ այդ հանգամանքը դեր խաղացած լինել, կարող են դեր խաղացած լինել նաեւ այլ հանգամանքներ: Մի բան հստակ է. այդ չափորոշիչներն ընդունելուց հետո եվրոպացի պաշտոնյաների համար ավելի հեշտ կլինի արտաբերել «քաղբանտարկյալ» բառը: Չորս տարի առաջ, աղաղակող հետապնդումների ֆոնին, հիշենք, որ այդ պաշտոնյաներից հազարից մեկն էր արտաբերում «քաղբանտարկյալ» բառը: Ես կարծում եմ, որ Մարտի 1-ի գործով բոլոր կալանավորվածներին եվրոպացիները համարում են քաղբանտարկյալներ, ժամանակին էլ են այդպես համարել, հակառակ դեպքում՝ չէին պայքարի նրանց ազատ արձակման համար:

— ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալները միասին հավաքվում, նշում էին հոկտեմբերի 30-ը՝ որպես Քաղբանտարկյալի օր: Այսօրվա քաղբանտարկյալներն էլ կփորձե՞ն պահպանել այդ ավանդույթը:

— Ժամանակները փոխվել են: Խորհրդային տարիներին քաղբանտարկյալներն իրենց օրն անպայման նշում էին մեկօրյա հացադուլով: Դա բոլորովին այլ մշակույթ էր, այլ երկիր էր, այլ պայմաններ էին եւ այլ ժամանակահատված: Այսօր ապրում ենք քսանմեկերորդ դարում, եւ չկա այն իրականությունը, որը կար ԽՍՀՄ օրոք: Ըստ էության՝ մեր իշխանությունները նմանակում են սովետական իշխանություններին, եւ արդյունքում ստացվում է այս կարիկատուրան: Հիմա, եթե մենք էլ փորձենք կրկնել այն, ինչը քսաներորդ դարում էր, կստացվի նույն կարիկատուրան: Այսօր գոյություն ունի ինտերնետ, բազմազան մամուլ, ինքնաարտահայտման հնարավորություններն ավելի մեծ են: Հիմա չկան խորհրդային քաղբանտարկյալներ, կա Հայաստանի քաղբանտարկյալ, կա Ադրբեջանի քաղբանտարկյալ, կա Բելառուսի քաղբանտարկյալ:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ Photolure

Նախորդ հոդվածը‘Հայտնի են քիմիայի գծով Նոբելյան դափնեկիրները’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով դատական նիստը երկու անգամ ընդմիջվեց ‘