Վարդան Հարությունյան. Խուսափել նոր կորուստներից. Ալիքմեդիա

2365

Մենք հաճախ ենք սխալ գնահատում իրավիճակը եւ չենք կարողանում ճիշտ համադրել մեր ցանկություններն ու մեր հնարավորությունները: Արդյունքում կորուստներ ենք արձանագրում։ 20-րդ դարասկզբի մեր պատմությունը սրա տխուր վկայությունն է։ Չենք կարողանում նաեւ դասեր քաղել պատմությունից։ Կրկնում ու կրկնում ենք հին սխալները։

Մեր նորագույն պատմության ճակատագրական ամենամեծ սխալը գործել ենք 1997-1998 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանց համախոհների ու թիմակիցների ճնշումների հետևանքով մեր երկիրը մերժեց հաշտեցման, խաղաղության, համագործակցության, թշնամությանը վերջ դնելու ճանապարհը։ Ճանապարհ, որն առաջին հերթին մեզ էր անհրաժեշտ։ Որովհետեւ տարածաշրջանի երկրներից մենք միակն էինք, որ շրջափակված էինք, միակն էինք, որ մենակ էինք՝ չունեինք դաշնակիցներ ու աջակիցներ։ Բայց նաեւ հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ բարենպաստ դիրքում էինք։

Այսօր գրանցված տապալումներն աչքի առաջ ունենալով՝ կարելի է պնդել՝ այդ դիրքից շարունակելու դեպքում բոլորովին այլ արդյունք էինք ունենալու։ Հայաստանը ներգրավվելու էր տարածաշրջանային զարգացումներում, հարեւանների հետ ունեցած հակասությունները, եթե չէին էլ հարթվելու ամբողջությամբ, ապա անհաղթահարելի թշնամության չէին վերածվելու։

2018-ի հեղափոխությունը նոր հույս արթնացրեց։ Թվում էր՝ Փաշինյանը, ունենալով երկրի ներսում աջակցության հսկայական պաշար, քաջություն է ունենալու եւ բեկելու է դեպի պատերազմ, դեպի թշնամություն ու կորուստներ տանող ճանապարհը։

Հասկանալի է՝ 2018-ին 1998 թվական վերադառնալ ու այն ժամանակվա հնարավորություններով շարունակել չէինք կարող։ 20 տարի շարունակ Հայաստանը մսխել էր 90-ականների ձեռքբերումները։ Կորցրել էր իր առավելությունները ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ ռազմական պատրաստվածության բնագավառում, ե՛ւ տնտեսական ճակատում։ Բեկում, ցավոք, տեղի չունեցավ։ Եվ սկսվեց այն պատերազմը, որը չսկսվել չէր կարող։

Այժմ ծանրագույն իրողության առջեւ ենք։ Մեր տարածաշրջանում լուրջ զարգացումներ ու վերադասավորումներ են տեղի ունենում. Ադրբեջանը փորձում է առավելագույնն ստանալ իր հաղթանակից, Թուրքիան իր ծրագրերն ունի, մեծ եւ փոքր, հեռու եւ մոտ այլ խաղացողներն՝ իրենց, իսկ Հայաստանը խոսակից չէ անգամ, իր շահերը ներկայացնել ու պաշտպանել չի կարողանում։

Խոսակցություններ են պտտվում, թե Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը փաստաթղթեր են ստորագրելու։ Կա՞ այս պահին սեղանին պատրաստի փաստաթուղթ՝ հայտնի չէ։ Բայց որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են ընթանում, դուրս է կասկածից։ Համաժողովրդական ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը, որ խոստանում էր ժողովրդի թիկունքում ոչինչ չանել, լինել բաց ու երկրի համար ճակատագրական վճիռներ կայացնելուց առաջ հրապարակային քննարկել դրանք, փակ է ու անհասանելի։

Այսօր այնպիսի բարդ իրավիճակ է մեզ համար, որ ինչ փաստաթղթեր էլ ստորագրվեն, (եթե ստորագրվեն) ի վնաս Հայաստանի են լինելու։ Անցած տարվա նոյեմբերին Հայաստանը հատեց այն սահմանը, որից այս կողմ լավ լուծումներ ունենալ չի կարող։ Այսօր մեզ համար կարող են լինել վատ եւ ավելի վատ լուծումներ։ Այս պարագայում ավելի վատ լուծումներից է պետք խուսափել։

Իսկ դրանցից խուսափելու համար պետք է հստակ ձեւակերպել, թե այս նոր իրավիճակում ինչ է պետք մեզ, եւ ինչպես ենք կարողանալու ստանալ այն։

Մեր գերնպատակը պետք է լինեն անկախ պետությունը եւ պետության ինքնիշխանության ամրապնդումը։ Ինքնիշխան պետության հարատեւությունն է մեր գերխնդիրը։ Սրանից պետք է բխեն ընթացիկ խնդիրները, որոնցից ամենակարեւորը՝ դառնալ գործոն ու անմիջական զրուցակից տարածաշրջանում՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով։ Մեր անունից խոսելու իրավունքն այլոց չվերապահել։

Նման խնդիր ձեւակերպելու ու լուծելու համար իշխանավորը պետք է լինի շրջահայաց, խոհեմ եւ պատասխանատու։ Գիտակցի պահի ճակատագրականությունը։

Կա՞ նման գիտակցում։ Գիտի՞ Փաշինյանը, թե որն է Հայաստանի շահը։ Կարո՞ղ է ներկայացնել այն ու պաշտպանել։ Կարո՞ղ է իր անձնական շահն ու անձնական ձգտումները տարանջատել երկրի շահից։

Ընթացքը, ցավոք, մեզ ոչինչ լավ չի խոստանում։

aliqmedia

Նախորդ հոդվածըԳիտնականներն արձանագրել են ամենահզոր մագնիսական փոթորիկներից մեկը
Հաջորդ հոդվածըՄամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով ՄԻԵԴ վճիռների վերաբերյալ