‘Վարդան Ղուկասյան. Ունակ չեմ դատարանում վկայություն տալու’

1603

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի կարողանում ապահովել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով վկաներ Մանյա Ղուկասյանի, Ժոզեֆ Աղասանյանի եւ Հովհաննես Եգանյանի ներկայությունը:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր կրկին դատարան հրավիրել վկա Վարդան Ղուկասյանին, ում հարցաքննությունը անավարտ էր մնացել եւ պաշտպանական կողմը չէր կարողացել տալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերը, գրում է «Հետքը»: 

Օգոստոսի 6-ին կայացած նիստի ժամանակ դատավոր Մարտին Սարոյանն ընթերցեց վկաներից Վարդան Ղուկասյանի՝ դատարանին հասցեագրված նամակը: Վկան հայտարարել էր, որ ինքը ունակ չէ դատարանում ցուցմունք տալու, այնուհետեւ պարզաբանել. «Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ իմ հարցաքննությունը մնացել է կիսատ եւ ինձ կրկին հրավիրում են դատարան: Սույնի հետ կապված հայտնում եմ, որ ես եկել եմ դատարան ու տվել համապատասխան ցուցմունք եւ չունեմ ավելացնելու որեւէ բան: Դատարանում գտնվելը բացասական է ազդել իմ առողջական վիճակի վրա, եւ ես գտնվում եմ հիվանդանոցում բուժման մեջ»,- նշել էր Վարդան Ղուկասյանը: 

Դատավոր Մարտին Սարոյանը որոշեց հրապարակել բացակա վկաների նախաքննական ցուցմունքները, թեեւ պաշտպանական կողմը դեմ էր այդ որոշմանը: «Դուք ձեր որոշումով զրկում եք իմ պաշտպանյալին վկաներին հարցեր տալու իրավունքից,- հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը,- հարգելի դատարան, Դուք ապօրինություն եք թույլ տալիս դատարանում, դուք ի վիճակի չեք բերման ենթարկելու Վարդան Ղուկասյանին: Մենք դա արդեն հասկացել ենք: Մենք ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք, որը Դուք չընդունեցիք, մենք որոշեցինք շարունակել, թեեւ համարում ենք, որ Ձեր կայացրած որոշումներով ապօրինություն եք կատարում, որովհետեւ ամեն մի ձգձգում երկարացնում է իմ պաշտպանյալի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը»: 

Նախորդ հոդվածը‘Գիտության ֆինանսավորման ծավալները եվրոպական առաջատար երկրներում եւ Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կոլաժ. Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը’