‘Վարդան Մինասյանը կրկնեց իր նախորդների տխուր ռեկորդը’

1029

Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը կրեց` սեփական հարկի տակ զիջելով եվրոպական ֆուտբոլի հետնապահներից մեկին` Մալթայի հավաքականին, որի հետ անցկացրած նախորդ 4 հանդիպումներում էլ հաղթել էր միևնույն 1:0 հաշվով:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր ընտրանին 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց, ընդ որում վերջին 3 հանդիպումներն անցկացրել է սեփական հարկի տակ:

Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարը սկսելով Մալթայի նկատմամբ հյուրընկալվելիս տոնած նվազագույն հաշվով հաղթանակով, մեր հավաքականը մրցակցի դաշտում 0:1 հաշվով պարտվեց բուլղարացիներին, ապա 3 անընդմեջ պարտություն կրեց սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում (Իտալիա` 1:3, Չեխիա` 0:3, Մալթա` 0:1):

Հավաքականի պատմության մեջ 2-րդ դեպքն է, որ ընտրական մրցախաղերում մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 3 անընդմեջ պարտություն են կրում: Նախկինում դա պատահել էր 2005-2006թթ.: 2005թ. հունիսի 4-ին ՀՀ հավաքականը հոլանդացի Հենկ Վիսմանի գլխավորությամբ 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում Երևանում 1:2 հաշվով պարտվեց մակեդոնացիներին:

Սեփական հարկի տակ անցկացրած հաջորդ խաղում` սեպտեմբերի 3-ին մեր ֆուտբոլիստները 0:1 հաշվով զիջեցին հոլանդացիներին: 2006թ. սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած ընտրական հաջորդ հանդիպումն արդեն 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղն էր, որում Հայաստանի հավաքականն Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ 0:1 հաշվով պարտվեց բելգիացիներին:

Վարդան Մինասյանը կրկնեց Սուրեն Բարսեղյանի, ֆրանսիացի Բեռնար Կազոնիի և դանիացի Յան Պոուլսենի տխուր ռեկորդը, որոնց գլխավորությամբ հավաքականն ընտրական մրցախաղերում 4 անընդմեջ պարտություն էր կրել:

Սուրեն Բարսեղյանի օրոք 2000թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականը պարտվել էր Ուկրաինայի` 0:2 (մրցակցի դաշտում), Ռուսաստանի` 0:3 (սեփ.), Ֆրանսիայի` 0:2 (մրց.) և Իսլանդիայի` 0:2 (մրց.) ընտրանիներին:

2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականը Բեռնար Կազոնիի գլխավորությամբ մեկնարկում 4 անընդմեջ պարտություն կրեց Մակեդոնիայի` 0:3 (մրց.), Ֆինլանդիայի` 0:2 (սեփ.), 1:3 (մրց.) և Չեխիայի` 0:3 (սեփ.) ընտրանիներից:

Կազոնիի տխուր ճակատագրին արժանացավ նաև Յան Պոուլսենը, որի օրոք հավաքականը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց 4 անընդմեջ պարտությամբ` զիջելով Թուրքիայի` 0:2 (սեփ.), Իսպանիայի` 0:4 (մրց.), Բելգիայի` 0:2 (մրց.) և Բոսնիայի` 1:4 (մրց.) ֆուտբոլիստներին: Ընդ որում նախորդ` 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական  մրցաշարի ավարտական 3 հանդիպումներում մեր հավաքականը պարտվել էր բելգիացիներին` 0:3 (մրց.), պորտուգալացիներին` 0:1 (մրց.) և ղազախներին (սեփ.):

Այնպես որ 2007-2008թթ. անցկացրած ընտրական մրցախաղերում Հայաստանի հավաքականը 7 անընդմեջ պարտություն է կրել, ինչը ևս մեկ տխուր ռեկորդ է: Եթե Հայաստանի հավաքականը շարունակի իր անհաջող ելույթները, ապա չի բացառվում, որ այդ ռեկորդն էլ կրկնի: Առաջիկա 3 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները 2 անգամ մրցելու են դանիացիների հետ և հյուրընկալվելու են չեխերին:

Աղբյուրը՝ Armsport.am

Նախորդ հոդվածը‘Տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նիստը’
Հաջորդ հոդվածը‘Հարկադրաբար հոգեբուժարան տարված Ամալյա Նազարեթյանը ազատության մեջ է’