‘Վարդան Մինասյան. Անկախ ամեն ինչից, ձգտելու ենք հասնել դրական արդյունքի ‘

812

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ երկու շաբաթ Անթալիայում էր, որտեղ հետեւում էր ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան այն ակումբների մարզական հավաքներին եւ հանդիպումներին, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներ:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Վարդան Մինասյանը խոսել է իր դիտարկումների մասին:

«Դիտել եմ հայկական 4 ակումբների՝ «Փյունիկի», «Շիրակի», «Գանձասարի», «Ուլիսի» մարզական հավաքներն ու անցկացրած հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ՝ «Կուբանի», «Շերիֆի», «Ակտոբեի», «Վոլգայի», «Գովերլայի» հանդիպումները: Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ նորմալ մարզավիճակում էին: Ուրախալի է, որ Ռոբերտ Արզումանյանը մշտապես խաղում է իր թիմի հիմնական կազմում, ինչը շատ կարևոր է մեր համար:

Դիտել եմ նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումներ, որտեղ խաղում է Ժորա Հովհաննիսյանը: Ընդհանուր առմամբ, նա վատ տպավորություն չթողեց, բայց քանի որ նա խաղում է ենթահարձակվողի դիրքում, իսկ մենք այդ դիրքի համար ունենք ընտրության լայն հնարավորություն, կոնկրետ Չեխիայի հավաքականի հետ խաղի նախապատրաստական հավաքին նա չի հրավիրվի հավաքական: Այդուհանդերձ, «Պախտակորը» ուժեղ թիմ է, Ժորան մշտապես խաղում է թիմի հիմնական կազմում եւ իմ խնդրանքով ուզբեկական ակումբի մարզական տնօրենը մեզ է տրամադրել ինչպես թիմի հետագա խաղերի ամբողջական խաղացանկը, այնպես էլ Ժորա Հովհաննիսյանի մասնակցությամբ խաղերի տեսագրությունները, որոնք մենք կդիտենք եւ նրան մշտապես կպահենք մեր տեսադաշտում: Հնարավոր է` ապագայում նրան էլ հրավիրենք ազգային հավաքական:

Իմ խնդրանքով հավաքականի թեկնածուներից Միխայիլ Մարկոսովի խաղին հետևել է «Միկայի» մարզիչ Արամ Ոսկանյանը, ով դիտել է նրա մասնակցությամբ 2 հանդիպում: Կարծիքը դրական է, բայց ես պատրաստվում եմ հնարավորության դեպքում անպայման դիտել Ռուսաստանի առաջնության մոտակա հանդիպումը՝ նրա մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ, այն դիրքերի համար, որտեղ մենք ունենք խնդիրներ, ես չտեսա հավաքականի համար արժանի նոր ֆուտբոլիստներ: Թիմերի կազմերում կան հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց, բնականաբար, նրանք դեռ պատրաստ չեն ազգային հավաքականում խաղալու համար: Ընդհանրապես, հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք ստիպված ենք մոտակա հավաքին հրավիրել հնարավորինս շատ ֆուտբոլիստներ: Միայն բոլոր խաղացողներին փորձարկելով և իրար հետ համեմատելով՝ մենք կկարողանանք ճիշտ ընտրություն կատարել: Չնայած հավաքականի կազմի հետ կապված բազմաթիվ խնդիրներին, միևնույն է, ձգտելու ենք հնարավորինս հաջող հանդես գալ Չեխիայի հավաքականի դեմ և հասնել դրական արդյունքի»:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Սանասարյան. Ճանապարհները փակել են, երթուղայինները գծից հանել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է լսելու Սերժ Սարգսյանին’