‘Վարդան Մինասյան. Իմ միակ ցանկությունը վաղը լավ խաղ ցուցադրելն ու հաղթելն է’

1028

Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը Ֆուտբոլ365-ը ներկայացրեց live ձևաչափով:

— Ռոբերտ Արզումանյանի վնասվածքի առումով միանգամից կասեմ.  այստեղ գտնվող բոլոր քսան ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստ են:

— Այն, որ Հայաստանի ազգային հավաքականը հոգեբանական առումով անհավասարակշիռ թիմ է, կարող եմ ասել, որ այո, դա ճիշտ է, մենք կարող ենք պարտվել Չեխիային և հաղթել Դանիային, բայց ֆուտբոլում տարբեր մանրուքներ են կարևոր, այդ պատճառով միայն հոգեբանական խնդիր չէ:

— Չեխիայի հավաքականի վրա ճնշումն ավելի մեծ է: Իմ միակ ցանկությունը վաղը լավ խաղ ցուցադրելն ու հաղթելն է:

— Ցանկացած խաղ մեկը մյուսին նման չէ, պետք է ամեն անգամ փոխել մարտավարությունը:

— Լևոն Հայրապետյանի ու Հրայր Մկոյանի առումով նույնպես կարող եմ ասել, որ ֆիզիկապես բոլորը պատրաստ են, բայց ինչ վերաբերում է նրանց ֆունկցիոնալ վիճակին, մենք դեռ պետք է ընտրություն կատարենք:

— Արտակ Դաշյանն ու Վարդգես Սաթումյանը ընդգրկված էին հավաքականի ընդլայնված կազմում, իսկ հիմա դուրս մնացին՝ զուտ որովհետև այս անգամ այլ խաղացողների վրա ընտրությունը կանգ առավ:

— Մենք պարտության մասին չենք մտածում:

— Վերջին շրջանում մի քանի ֆուտբոլիստի՝ ղազախական առաջնություն տեղափոխվելու առումով հասկանում եմ ձեր անհանգստությունը: Բայց եթե օբյեկտիվորեն նայենք, նրանցից երկու թիմ քիչ էր մնում խաղար Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայում: Այնպես որ՝ նրանց ակումբային մակարդակը բարելավվում է, քանի որ մեծ ֆինանսներ են ներդրվում:

— Հայաստանի ու Չեխիայի խաղերի վիճակագրությունը Հայաստանի կողմը չէ: Այն լավ թիմ է, ունի իր լիդերներին, շատ գրավիչ ու գեղեցիկ ֆուտբոլ է խաղում:

— «Ով առաջինը խփի, նա կհաղթի» մի տեսակ թևավոր խոսք դարձած բառակապակցությունը ես, իհարկե, կոնկրետ դեպքերի համար եմ ասել: Բայց ընդհանուր առմամբ՝ ժամանակակից ֆուտբոլի վրա շատ մանրուքներ են ազդում, այնպես որ՝ առաջին խփած գոլը լուրջ առավելություն է տալիս:

— Օրինակ՝ Դանիայի հավաքականին խփած առաջին երկու արագ գոլերն ամբողջովին փոխեցին թիմի մարտավարությունը: Թիմը միանգամից փոխեց ողջ տակտիկան ու պարտվեց:

Հ.Գ. Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, այս նույն մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հաջորդ հարվածն ուղիղ Ղարաբաղին է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Ֆյուլեին’