‘Վարդան Մինասյան. Հետևելու եմ թե ակումբներին, թե առանձին ֆուտբոլիստների, նաև Ժորա Հովհաննիսյանի խաղին’

824

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս օրերին Անթալիայում է, որտեղ մարզական հավաք են անցկացնում նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Գանձասարը», «Շիրակը», Ուլիսը» եւ «Ալաշկերտը»: Այսօրվանից Անթալիայում  մարզական հավաք է անցկացնում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դոնեցկի «Շախտյորը»: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Վարդան Մինասյանը խոսեց թիմերի մարզական հավաքների եւ ազգային հավաքականի թեկնածուների վերաբերյալ.

«Առայժմ դիտել եմ 3 ակումբների՝ «Փյունիկի», «Գանձասարի» եւ «Ուլիսի» մասնակցությամբ հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, քանի որ նախապատրաստական փուլը դեռ չի ավարտվել, եւ թիմերն իրենց լավագույն մարզավիճակին չեն հասել: Ինչպես եւ ծրագրել էինք, հետևել ենք «Գանձասարի» ձախ պաշտպան Արթուր Ավագյանին: Տպավորությունը, ընդհանուր առմամբ, վատ չէ  եւ հնարավոր է՝ նրան հրավիրենք ազգային հավաքականի մոտակա մարզական հավաքին: Նախատեսում եմ դիտել նաև արտասահմանյան այն թիմերի հանդիպումները, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Մասնավորապես, դիտելու եմ «Կուբանի» եւ Մոսկվայի «Դինամոյի» հանդիպումները, ինչպես նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումը, որտեղ հանդես է գալիս Ժորա Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Միխայիլ Մարկոսովին, ապա, ինչպես գիտեք, երեկ նրա թիմը՝ «Ուֆան» Կիպրոսում մրցել է «Միկայի» հետ: Իմ խնդրանքով, «Միկայի» մարզիչներն ուշադրությամբ հետևել են նրա խաղին եւ անհրաժեշտ տեղեկություններ կհաղորդեն ինձ: Սակայն նա անցկացրել է ընդամենը մեկ խաղակես, ինչը շատ քիչ է լիարժեք տպավորություն կազմելու համար, ուստի այսօր կայանալիք «Բանանց»-«Ուֆա» մրցավեճում նրան կհետևեն նաև «Բանանցի» մարզիչները», նշել է Վարդան Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել 2012թ. լավագույն լուսանկարը (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կարապետյան. Հայ մշակույթ՝ չի նշանակում անպայման քրիստոնեական (Տեսանյութ)’