‘Վարդան Մինասյան. Ձգտելու ենք հաղթանակի’

1009

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր մամուլի ասուլիս է տվել, որտեղ խոսել է վաղը Իտալիայի հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման մասին:

— Ինչպե՞ս է թիմի տրամադրվածությունը:

— Տրամադրությունը բարձր է, քանի որ առաջին անգամ ենք խաղում Իտալիայի հետ: Դա մեծ տոն է: Գիտեք, որ կորուստներ կան: Ովքեր կան, կազմ ու պատրաստ են: Արթուր Սարկիսովը թեթև վնասվածք էր ստացել, սակայն նա արդեն ապաքինվել է: Այն 22 խաղացողները, որոնց ցանկանում ենք ընդգրկել հայտացուցակում, արդեն հայտնի են:

— Հակախաղ ունե՞ք մրցակցի դեմ:

— Ես միշտ հետևել եմ Իտալիայի խաղին, բայց սկսեցի ավելի ինտենսիվ հետևել, երբ հայտնի դարձավ, որ մրցակիցներ ենք: Իտալիան միշտ շատ լավ է պատրաստված տակտիկապես: Ներկայիս Իտալիան նաև առանձնանում է նաև նրանով, որ ստեղծագործ ֆուտբոլ է խաղում: Ներկայիս մարզչին համարում եմ Իտալիայի պատմության մեջ լավագույններից մեկը, քանի որ տակտիկապես շատ ուժեղ մարզիչ է ու կարողանում է խաղի ընթացքում տարբեր լուծումներ գտնել: Իհարկե, ցանկացած թիմ էլ թույլ կողմեր ունի, թեև Իտալիայի դեպքում դրանք գրեթե չկան: Մենք ուսումնասիրել ենք նրանց խաղը ու կփորձենք հաջող հանդես գալ:

Մենք կփորձենք մեր լավագույն խաղը խաղալ: Մեզ անհրաժեշտ է նաև բախտ:

— Հիմնական կազմում անակնկալներ սպասվու՞մ են:

— Կարեն Մուրադյանն է միակ նորեկը: Երիտասարդականի տղաներին շանս է տրվել լինել ազգային թիմի հետ ու տեսնել, թե ինչ է կատարվում: Նրանց համար դեռ շուտ է լինել հիմնական կազմում: Հիմնական կազմն ու մարտավարությունը կընտրենք՝ հաշվի առնելով մրցակցի կարգը:

— Ի՞նչ կասեք Կարեն Մուրադյանի մասին:

— Ինքն իր խաղաոճով նման է Կառլեն Մկրտչյանին: Լավ հեռանկար ունի: Ամեն ինչ կախված է իրենից:

— Ովքե՞ր են Իտալիայի վտանգավոր խաղացողները:

— Բուֆոնը, Պիռլոն ու մի շարք այլ խաղացողներ… Իտալիան առանձնանում է իր թիմային լավ խաղով:

— Ո՞վ է լինելու հավաքականի ավագը:

— Ավագը լինելու է Ռոման Բերեզովսկին:

— Բուլղարիա-Իտալիա խաղը դիտե՞լ եք:

— Մի քանի անգամ եմ դիտել: Ամբողջ ինֆորմացիան ստացանք այդ խաղից:

— Ավագի ընտրության հարցում ավելի լավ չէ՞ր Մխիթարյանին ընտրել, ով 5 լեզու գիտի:

— Հավաքականի ավագը Ռոման Բերեզովսկին է, նա վաստակել է դա:

— Արդեն որոշե՞լ եք հիմնական կազմը:

— 10 դիրքերում որոշել ենք: Մնացել է մեկ դիրք, որը կորոշենք այսօրվա մարզումից հետո:

— Ո՞ր դիրքի մասին է խոսքը:

—  Դարպասում կլինի Բերեզովսկին (ծիծաղում է)…

—  Երեկ բուռն քննարկում եղավ, որ հայ երկրպագուները մեծ շուքով դիմավորեցին Իտալիային: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ հանգամանքին:

—  Գիտեք ինչ, իմ համար երկրպագուներն այդ 200 հոգին չեն:  Իմ համար երկրպագուներ են, ովքեր գալիս էին Հանրապետական, ովքեր կլինեն Հրազդանում, ովքեր հեռուստացույցի առաջ են Հայաստանում ու Սփյուռքում:

Եթե որոշ մասսա այդպես է որոշել, դա իրենց իրավունքն է, իրենց որոշումն է: Ես ոչ մի բան չեմ տեսնում դրանում:

— Իտալիան ընդամենը 2 գոլ խփեց Մալթային…

— Իտալիան այն եզակի հավաքականներից է, որը կարողանում է իր համար ցանկալի արդյունքի հասնել: Եթե Իտալիան ցանկանում է ոչ-ոքի խաղալ, ապա խաղում է ոչ-ոքի: Եթե ցանկանում է հաղթել 2:0, ապա այդպես է լինում: Եթե ցանկանար խփել 3 գնդակ, ապա կխփեր 3 գնդակ:

— Ի՞նչ քաջալերող խոսքեր եք ասելու տղաներին վաղվա խաղից առաջ:

— Եթե ցանկանում ենք աջակցել մեր հավաքականին, ապա պետք է տոմս գնենք ու գանք մարզադաշտ: Ձգտելու ենք հաղթանակի: Ես իմ ֆուտբոլիստներից առաջին հերթին ակնկալում եմ լավ խաղ: Ես գտնում եմ, որ մեր թիմը ներկայումս այն գրավիչ խաղը չի ցուցադրում, ինչը որ կար անցած տարի: Վերջին 2 խաղը մեզ մտածելու շատ բան տվեց: Մեզ մոտ չէր ստացվում հարձակման գծի խաղը, իսկ մեր դարպասին շատ քիչ հարված է եղել:

— Դուք նշել էիք, որ Հայաստանի առաջնության հերթական տուրից հետո ևս մեկ խաղացողի եք հրավիրելու: Կարելի՞ է իմանալ, թե ում էիք ցանկանում հրավիրել:

-Քանի որ կարիք չեղավ, ավելի լավ է չասեմ: Մենք բոլորին էլ հետևում ենք: Եթե խոսքը Ալեքսի մասին է, ապա չի բացառվում, որ հաջորդ խաղում նա կրկին հրավիրվի:

— Ինչպիսի՞ ֆուտբոլ է խաղալու Հայաստանը՝ հարձակվողակա՞ն, թե՞ պաշտպանողական:

— Ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս: Մենք կփորձենք գտնենք բալանսը: Առիթի դեպքում հարձակվելու ենք, հարկ եղած դեպքում՝ պաշտպանվելու:

— Հրազդան մարզադաշտում հանդիպումն անցկացնելու մասին ի՞նչ կասեք:

— Նորմալ եմ վերաբերվում, քանի որ խաղը դիտելու ավելի շատ ցանկացողներ կային: Այստեղ 2 մարզում ենք արդեն անցկացրել: Խոտածածկը Հանրապետականից չի տարբերվում:

— Ոչ-ոքին լավ արդյունք կլինի՞ Ձեզ համար:

— Ես ակնկալում եմ լավ խաղ: Լավ խաղը հանդիսանում է դրական արդյունքի գրավականը: Իտալիայի դեպքում բացառվում է վատ խաղով լավ արդյունքի հասնելը:

 Armsport.am

 

Նախորդ հոդվածը‘Ինչպես է Քոքոբելյանը հաջողեցնում և՛ «ընդդիմադիր» լինել, և՛ հէկ-եր ունենալ (փաստաթղթեր)’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցվել’