‘Վարդան Պետրոսյանը պատասխանատվության կենթարկվի՞. Մամուլ’

1887

Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի հարվածից մահացել են եղբայրների 16-ամյա որդիները՝ Էդուարդն ու Էդգարը, Էդուարդի քրոջ՝ Տաթևի վիճակը շատ ծանր է։ Հիվանդանոցում են նաև երեխաների հայրերը, որոնցից մեկի վիճակը նույնպես ծանր է։ Այս մասին գրում է «Հրապարակը» և շարունակում.

«Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, Եղվարդ–Երևան ավտոճանապարհին։ Դեռևս չհաստատված վարկածով, Վարդան Պետրոսյանն իր BMW մակնիշի մեքենայով հետևից հարվածել է «Նիվային», ինչը հստակ երևում է նաև վթարի վայրից արված լուսանկարներից։ Թեև նրա մեղավորությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվում՝ թերևս միայն այն պատճառով, որ նա հայտնի դերասան է, սակայն Աշտարակում խոսում են, որ նա 160 արագության տակ է վարել մեքենան։ «Նիվայում» 6 հոգի է եղել՝ երկու եղբայրներ, որոնք իրենց երեխաների հետ վերադառնալիս են եղել Ծաղկաձորից։ Վթարի հետևանքով եղբայրների 16-ամյա որդիները՝ Էդուարդն ու Էդգարը մահացել են, Էդուարդի քրոջ՝ Տաթևի վիճակը դեռևս ծանր է, նա բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ ունի։ Ապաքինվելը հրաշք կհամարվի՝ ասում են։ Հիվանդանոցում են նաև երեխաների հայրերը, որոնցից մեկի վիճակը նույնպես ծանր է, երկու վիրահատության է ենթարկվել, ողնաշարը մի քանի տեղից կոտրվել է։

Եվ մեծ է հավանականությունը, որ սայլակին գամված կմնա։ Վթարից հետո միայն Էդգարի քույրը՝ Էմման է սթափ եղել, նա գրեթե վնասվածքներ չի ստացել և մինչ օգնության ժամանելը, ինքն է փորձել եղբայրներին դուրս բերել մեքենայից»,-գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘221 ակտ՝ 1.1 միլիոն դրամի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ միջազգային պատվիրակություններում փոփոխություններ են սպասվում’