‘Վարդան Պետրոսյանին և նրա փաստաբանին ծանուցել են քրգործի ավարտի մասին’

948

Նախաքննական մարմինն օրենքով սահմանված կարգով հունվարի 29-ին ծանուցել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ու նրա պաշտպանյալ, դերասան Վարդան Պետրոսյանին` վերջինիս  մասնակցությամբ անցյալ տարի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Արմենպրեսին» հայտնել է փաստաբան Բաղդասարյանը, նախաքննական մարմինն  առաջիկա օրերին իրենց կտրամադրի քրգործի նյութերի պատճենները (4 հատոր գործի նյութերն են, ևս 1 հատոր՝ դիմումներ և ստորագրություններ քաղաքացիներից` ի զորակցություն Պետրոսյանի): Պաշտպանի փոխանցմամբ` բնօրինակի հետ համադրելուց հետո ինքը և իր պաշտպանյալը կծանոթանան քրգործի նյութերին: Նիկոլայ Բաղդասրյանը տեղեկացրեց նաև, որ  այսօր առավոտյան հանդիպել է Պետրոսյանին, և նրա վիճակը լավ է:  

Ավելի վաղ պաշտպանն ասել էր, որ քրգործի նյութերին ծանոթանալուց հետո միջնորդություններ չի ներկայացնի: Նա նպատակահարմար էր համարել դրանք ներկայացնել դատաքննության ընթացքում:

Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ՎԱԶ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաների բախման հետևանքով զոհվել են  Էդգար և Էդուարդ Հակոբյանները:  Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նա կալանավորված է:

Նախորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր’
Հաջորդ հոդվածը‘Դերոն մինչև հիմա խոստանում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ’