‘Վարդան Պետրոսյանի գործով մեղադրականն արդեն դատարանում է’

1135

Գլխավոր դատախազությունը փետրվարի 18-ին հաստատել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով մեղադրականն ու ուղարկել այն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Աբովյանի նստավայր): PanArmenian.net-ը հաղորդում է, որ դատավարությունը կանցնի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: Ըստ փաստաբանի՝ հավանաբար, դատական առաջին լսումները կլինեն մարտին:

Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկատվության համաձայն, Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ Կոտայքիի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել: Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Այդպիսով, ըստ մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Բախման հետևանքով «Վազ -21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացիները պահանջում են Լեհաստանում Ուկրաինայի դեսպանի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ուկրաինակենտրոն’