‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Նախաքննական մարմինը «տակից» անում էր իր կեղտոտությունը’

1142

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Դատական վիճաբանությունների փուլում դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը իր ճառում մանրամասներ ներկայացրեց նախաքննական մարմնի գործունեությունից՝ դրանք որակելով ոչ օբյեկտիվ եւ կողմնակալ:

Նա նշեց, որ մինչ Վարդան Պետրոսյանի ձերբակալությունը՝ նախաքննական մարմինը փակել էր դերասանի՝ երկրից ելքի ճանապարհները, այն պարագայում, երբ երկու ավտոմեքենա էին բախվել իրար, եւ այդ երկու ավտոմեքենաների վարորդների անուններն էլ հայտնի են: «Հարց է առաջանում. ինչո՞ ւեք փակում հենց Վարդան Պետրոսյանի ելքի ճանապարհները, եւ ինչո՞ւ ոչ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ելքի ճանապարհները, այն դեպքում, երբ Վարդան Պետրոսյանն ի վիճակի չէր ցուցմունք տալու եւ շարժվելու: Սա՞ է նախաքննական մարմնի օբյեկտիվ քննությունը»,- հայտարարեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը արդեն իսկ իրականացրել էր իր կողմնակալ քննությունը եւ  որոշել, որ Վարդան Պետրոսյանը պետք է քրեական պատասխատվության ենթարկվի: «Այս ամենից հետո իրենց քայլերը ապահովագրելու նպատակով նրանք նշանակեցին փորձաքննություն: Չունենալով որեւէ տվյալ՝  նախաքննական մարմինը փորձագետներին ասել է՝ «եթե վթարը տեղի է ունեցել հետեւյալ պայմաններով, եթե «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողնակում է եղել, Վարդան Պետրոսյանն էլ կողնակում հարվածել է «Նիվային»: Այնուհետեւ փորձագետը տալիս է եզրակացություն, թե իրեն ոչ ոք հարց չի տվել, թե որտե՞ղ է տեղի ունեցել վթարը: Իսկ հետագայում դատարանը հանում է իմ այն բոլոր հարցերը, որտեղ ես հետարքրվում եմ վթարի վայրի մասին»,- նշեց Նիկոլայ  Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը, չստանալով փորձագիտական եզրակացությունը, որոշում է ձերբակալել Վարդան Պետրոսյանին՝ առանց հարցնելու, թե ո՞վ է մեղավոր ավտովթարի համար:

«Ես չգիտեի, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ փոխել են դեպքի վայրը, քանի որ նախկինում պարզ էր դարձել, որ  դեպքը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում եւ չի տեղափոխվել կողնակ: Քրեական գործին նայելով՝ պարզ է դառնում, որ իրենք, իմանալով, թե ինչ է կատարվում, «տակից» անում էին իրենց կեղտոտությունը եւ փոխում վթարի տեղը: Արդյո՞ք սա բարոյական է»,- հայտարարեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը ամեն ինչ արել է, որ որքան հնարավոր է շուտ Վարդան Պետրոսյանը ցուցմունք տա: «Ցուցմունքի ժամանակ քննիչը, Պետրոսյանի խոսքերի փոխարեն՝ այլ բան էր արձանագրում: Տեսնելով դա՝ ես սկսեցի ձայնագրել, որպեսզի հետագայում կարողանամ հիմնավորել տեղի ունեցածը: Իսկ երբ փորձեցի այդ ամենը գրավոր արձանագրել, քննիչը ձեռքիցս խլեց գրիչը եւ հեռացավ, իսկ տեղի ունեցածը այդպես էլ անարձագանք մնաց»,- հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործով դատախազ Արթուր Սարգսյանը Վարդան Պետրոսյանի համար պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Վիրավոր զինծառայողի կյանքը կփրկվի ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոստովցի լրագրողը դատապարտվել է իշխանություններին վիրավորելու համար’