‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Փորձագիտական եզրակացության մեջ խախտումներ կան’

1053

Դերասան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի հետ կապված ոչ մի անսարքություն չի հայտնաբերվել, որը գոյություն ունենար մինչև պատահարը և Վարդան Պետրոսյանին թույլ չտար կառավարել մեքենան: Այս տեղեկությունը այսօր՝ հունիսի 6-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը՝ ընթերցելով ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, փոխանցում է News.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ «ԲՄՎ-320»-ի վարորդն անվտանգ երթևեկություն իրականացնելու համար չպետք է գերազանցեր արագությունը: Վարորդը պետք է ընտրեր այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել մեքենան: «ԲՄՎ-320»-ի վարորդը տեխնիկական տվյալներից թույլ տված սխալի արդյունքում է ստեղծել վթարային իրադրություն»,-փորձագիտական եզրակացությունն ընթերցեց դատավորը:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մատնանշեց, որ փորձագիտական եզրակացության մեջ խախտումներ կան։

«Դեպքի վայրի զննության կից արձանագրության  գծագրում նշված է մեքենայից պոկված 2 պլաստմասայի կտորի վայրը, գրված է երեք բառ՝ «բախման վայր, որտեղ», որի արդյունքում իրականում բանուկ մասում տեղի ունեցած վթարը տեղափոխվել է կողնակ: Այդ երեք բառերն են որոշել Վարդան Պետրոսյանի ճակատագիրը»,-նշեց պաշտպանը:

Ըստ նրա՝ քննիչը սխալ է թույլ տվել նաեւ՝ գծագրում ամբողջությամբ չնշելով «ԲՄՎ-320»-ի հետքը:

Փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետին: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանը, անդրադառնալով պաշտպանի միջնորդությանը, ասաց. «Պաշտպանն այնպես է նկարագրում, կարծես ինքը Վարդան Պետրոսյանի մեքենայի մեջ է եղել»:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը հունիսի 11-ին հերթական բողոքի ակցիան կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվել է 120 հարց’