‘Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման’

1392

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրյալ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման: Նրա կալանավորման ժամկետը կհաշվվի 2013թ-ի փետրվարի 7-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը  դատապարտվեցին համապատասխանաբար 14 և 12 տարի ազատազրկման: 

Դատախազ Արամ Ամիրզադյանն առաջարկել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12, Սամվել Հարությունյանին` 13, իսկ Խաչիկ Պողոսյանին` 14 տարի ազատազրկման:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները: Հունիսի 17-ի դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, ով, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ վերջին դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ Սեդրակյանը մահափորձի գործին որևէ առնչություն չունի:  

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին դատարանը 2 ամսով կալանավորել է’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ երկրների ղեկավարները Սոչիում կքննարկեն Աֆղանստանից եկող վտանգները’