‘Վարդան Սեդրակյանին կալանավորելու որոշումը կվիճարկվի վերաքննիչ դատարանում’

1159

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշումը նախկին թեկնածուն կվիճարկի վերաքննիչ դատարանում: Այսօր ժամը 16.30-ին Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը բողոքը հանձնել է դատարան:

Ինչպես արդեն գրել էր iLur.am-ը, Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը հակաօրինական է, քանի որ համաձայն Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի՝    «… իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը»:

Հայտնի է, որ Սահմանադրական դատարանը նախօրեին վարույթ է ընդունել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայտերը, որոնցով նրանք վիճարկում են ընտրությունների հայտարարված արդյունքները: Այսինքն՝ Վարդան Սեդրակյանը, դեռեւս մինչեւ ՍԴ որոշման հրապարակումը, օգտվում է նախագահի թեկնածուի իրավունքներից:

ԸՕ նույն հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուն … կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

ԿԸՀ լրատվական ծառայությունից iLur.am-ին հայտնել էին, որ Վարդան Սեդրակյանի նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ որեւէ քննարկում տեղի չի ունեցել, հետեւաբար՝ որեւէ որոշում չի կայացվել:

Մեր հրապարակումից համարյա մեկ օր անց նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Սեդրակյանի փաստաբան՝ Ալեքսանդր Սիրունյանը:

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս ռեկտորի օգնականը դարձավ գիտությունների թեկնածու (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին «քաշեց» Միքայել Մինասյանին’