‘Վարդան Սեդրակյանի կալանքն ապօրինի է’

1845

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, նախորդ գիշեր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  նախաքննական մարմնի (ԱԱԾ) միջնորդությունը եւ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: Սեդրակյանը մեղադրվում է նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ:

Համաձայն Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի՝    «… իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը»:

Հայտնի է, որ Սահմանադրական դատարանը նախօրեին վարույթ է ընդունել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայտերը, որոնցով նրանք վիճարկում են ընտրությունների հայտարարված արդյունքները: Այսինքն՝ Վարդան Սեդրակյանը, դեռեւս մինչեւ ՍԴ որոշման հրապարակումը, օգտվում է նախագահի թեկնածուի իրավունքներից:

ԸՕ նույն հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուն … կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

ԿԸՀ լրատվական ծառայությունից iLur.am-ին հայտնեցին, որ Վարդան Սեդրակյանի նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ որեւէ քննարկում տեղի չի ունեցել, հետեւաբար՝ որեւէ որոշում չի կայացվել:

Փաստորեն, դատարանի ՝ Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը հակաօրինական է: 

Դատական դեպարտամենտի՝ լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ, քանի որ Հայրիկյանի գործը գտնվում է նախաքննության փուլում, դրա հետ կապված մեկնաբանություններ կարող է տալ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում՝ Ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ լրատվական ծառայության պետ Արծվին Բաղրամյանն իր հերթին հայտնեց, որ չի կարող առաջ քաշված հարցի շուրջ մեկնաբանություն տալ: 

 

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Խաղը շրջեց Մոդրիչը’
Հաջորդ հոդվածը‘Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը. Տեսանյութ’