‘Վարդան Օսկանյան. Հայաստանը չունի ժամանակի շռայլություն` սպասելու հաջորդ համապետական ընտրություններին’

934

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյան Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին` ընդգծել է առաջին նախագահի արտահայտած այն միտքը, որ երկրում արմատական փոփոխությունների կարելի է հասնել ձեւավորվող քաղաքական ուժերի եւ քաղհասարակության կոնսոլիդացիայի շնորհիվ:   

«Որ երկիրը ծանր վիճակում է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ակնհայտորեն, բյուրեղացել է նաև այն միտքը, որ այս վիճակից երկիրը անցնցում դուրս բերելու համար կա մեկ ճանապարհ` դա ժողովրդի, ակտիվ քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և համատեղ ջանքերի ճանապարհն է: Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաև խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները:

Ավելին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն, որի գերխնդիրը ամեն գնով իշխանություն պահելը չէ, պետք է դրական գնահատի այդ ելույթները և առաջարկվող ուղիները, որովհետև դրանք ամբողջությամբ տեղավորվում են Սահմանադրության և ժողովրդավարության շրջանակներում և դրանք կարող են հանգեցնել քաղաքական այնպիսի գործընթացների, որոնք ոչ թե կխարխլեն, այլ կամրապնդեն մեր երկրի պետականության հիմքերը և կվերականգնեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում», — գրում է Օսկանյանը:

Պատգամավորը հիշեցնում է, որ, թեեւ Հայաստանում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2017-ին և 2018-ին, բայց Հայաստանը չունի ժամանակի նման շռայլություն և քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ռեսուրսներ` սպասելու այդ ընտրություններին, «հատկապես մտքում ունենալով նախորդ ընտրությունների փորձը»:

«Հետևաբար, կառավարության հրաժարականը իրոք որ այսօր այն տրամաբանական քայլն է, որը մեր հասարակությունը կարող է դնել իշխանությունների առաջ` հասնելու դրան խորհրդարանական գործընթացներով և կամ օրինականության շրջանակներում` հասարակության հրապարակային պահանջով Բնականաբար, անհրաժեշտ է նաև ընդհանրական գաղափարական հենք և ծրագիր, որը կհանդիսանա այլընտրանք այսօրվա քաղաքականությանը և որը կտա մեր ժողովրդին և հասարակությանը հույս և հեռանկար երկրի ապագայի նկատմամբ: Այս հեռանկարը հնարավոր է կյանքի կոչել ոչ իշխանական ուժերի կորիզի վրա` բայց և լայն քաղաքացիական ու արտախորհրդարանական ուժերի ընդգրկում ունեցող կառավարության ձևավորումով», — ամփոփում է Վարդան Օսկանյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում’