‘Վարդան Օսկանյան. Շնորհակալ եմ իմ կուսակից գործընկերներին’

845

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով իր եւ կուսակցության փոխհարաբերությունների, ինչպես նաեւ՝ ԲՀԿ- ներսում երկպառակության մասին մամուլում շրջանառվող լուրերը:

«Մամուլում ինձ և իմ կուսակցությանը վերաբերող երկու թեմաներ են շրջանառվում, որոնք առաջ քաշելով՝ որոշակի շրջանակներ փորձում են ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծել:

Առաջինը, իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հետ կապված իբր ես դժգոհ եմ կուսակցության և նրա առաջնորդի դիրքորոշումից: Երկրորդը, իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներսում թևերի է բաժանված:

Առաջինի հետ կապված ասեմ, որ ես միանշանակ շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին և կուսակցությանը նրանց ունեցած դիրքորոշման համար: Առաջին օրվանից ճիշտ գնահատական է տրվել այս ամենին, որ իմ դեմ գործը քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն իմ անձի, այլ նաև կուսակցության դեմ:

Կուսակցության առաջնորդը և իմ մյուս կուսակիցները իրենց ամբողջական աջակցությունը ցուցաբերել են կուսակցության հայտարարությամբ, ինչպես նաև խորհրդարանում իրենց ելույթներով ու տարբեր քաղաքական հայտարություններով: Ես հատկապես շնորհակալ եմ իմ գործընկերներին ինձ լրացուցիչ անձեռնմխելիություն տալու նպատակով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենց մանդատը զիջելու պատրաստակամության համար:

Ինչ վերաբերում է «կուսակցության ներսում թևերին», ապա չի կարելի կուսակցության ներսում կառուցողական և այլընտրանքային մոտեցումները շփոթել երկպառակությունների և թևերի հետ: «Բարգավաճ Հայաստանի» առավելությունն այն է, որ այնտեղ հանդուրժողականություն կա տարբեր մոտեցումների և առաջարկների նկատմամբ: 

Կուսակցության քաղաքական թիմը կուռ և միասնական է՝ գիտակցելով, որ ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի իրենից և որ մեր նորագույն պատմության ճակատագրական այս փուլում մեծագույն պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի առաջ: Առավել ևս, որ կուսակցությունում բոլորը գիտակցում են, որ մտնում ենք քաղաքական պայքարի կարևորագույն մի փուլ, որտեղ կարելի է մրցակցել և հաղթել միմիայն միասնականությամբ և վճռականությամբ», — ասվում է Օսկանյանի հայտարարության մեջ: 

 

 

Նախորդ հոդվածը‘Դավիդ Դե Խեան կարող է տեղափոխվել «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի գիտնականները կասկածի տակ են դնում ԳՄՕ պարունակող սնունդի վնասակարության թեզը ‘