‘Վարորդները որոշել են, որ ուղևորներից չեն պահանջելու 150 դրամ’

1450

Այսօր երթուղայինով գալուց նստեցի երթուղայինի տաքսու դիմաց` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:

Ի զարմանս ինձ, երթուղային վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն:

“Մեկ ա, ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը”, նշեց վարորդը, ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից:

“Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բանփոխվի”, վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը:

“Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. Խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում”:

Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասարակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին:

“Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի համար: Թող ով ինչ ուզում ա տա. Մեկը ես չեմ պնդելու 150 դրամ”:

Պատմությունը՝ Իրատես դիտորդի

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի թանկացման դեմ թռուցիկներ բաժանող ակտիվիստներին տարել են ոստիկանություն (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդը վճարում է 100 դրամ և կոչ է անում մյուս ուղևորներին (տեսանյութ)’