‘Վարուժան Ոսկանյանը նշանակվել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար’

1188

Ռումինիայի Խորհրդարանը դեկտեմբերի 21-ին հաստատել է Վիկտոր Պոնտայի կառավարության նոր կազմը, որտեղ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է հայազգի Վարուժան Ոսկանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը» ` Ոսկանյանի ենթակայության տակ են լինելու նաև էներգետիկայի և փոքր ու միջին ձեռնարկատիրության, գործարար միջավայրի ու տուրիզմի երկու նախարար-պատվիրակները: Նորանշանակ նախարարները երդում են տալու նախագահական Կոտրոչեն պալատում, իսկ արդեն շաբաթ առավոտյան կայանալու է նոր կառավարության առաջին նիստը:

Ռումինահայ համայնքը հպարտ է Վարուժան Ոսկանյանի նշանակմամբ: «Կարծում ենք` այսօր նա Սփյուռքի ամենակարող անհատներից է, մեկը, որ հասել է շատ բարձր դիրքերի և ներկայանում է որպես ուղնուծուծով հայ»,- ասել է համայնքային ղեկավարներից մեկը: Ըստ նրա` Վարուժանը շարունակում է ավանդույթները, քանի որ այս հին համայնքում ժամանակին ռումինահայերը տվել են նախարարներ, խորհրդարանականներ, տնտեսության, գիտության ու մշակույթի կարկառուն գործիչներ, Ռումինական ակադեմիայի տասնյակ անդամներ:

Այսօր երկրի խորհրդարանում հայերի պաշտոնական ներկայացուցիչն է մյուս Վարուժանը` Փամբուկչյանը, ով ավանդաբար ղեկավարում է Ազգային փոքրամասնությունների խումբը: Հավատարիմ լինելով իր հայկական արմատներին, լեզվին, մշակույթին և հավատին` Վարուժան Ոսկանյանն, այնուամենայնիվ, հանրային կյանքում ընկալվում է որպես ռումին գործիչ, ռումինական արժեքների կրող և շահերի պաշտպան. «հարյուր տոկոսանոց հայ և հազար տոկոսանոց ռումինացի», ինչպես ինքն է սրամտորեն ձևակերպում:

Ի դեպ, Խորհրդարանում երդմնակալության ժամանակ նա ռումիներենին զուգահեռ երդվել է նաև հայերենով: Հարցին, թե ինչպես է ընկալում Ոսկանյանի նշանակումը կառավարության կազմում, Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը դա միանգամայն բնական է համարել: «Նայեք, եվրոպական տարածքի վրա շուրջբոլորը տարբեր արմատներով նոր քաղաքական սերունդ է առաջ եկել, և Ոսկանյանը նրանցից մեկն է: Կարծում եմ, որ տարբեր ինքնությունները և մշակույթները հարստացնում են մարդուն, նրան ավելի խորատես, շրջահայաց, հանդուրժող և պիտանի դարձնում հասարակական ծառայության մեջ»: Իսկ ինչ վերաբերում է հայ-ռումինական հարաբերություններում Ոսկանյանի դերին, ապա, դեսպանը վստահություն է հայտնել, որ նոր նախարարը կաշկանդված չի լինի իր ծագումով, այլ այն լավագույնս կծառայեցնի միջպետական կապերի զարգացմանը, մասնավորապես տնտեսության ոլորտում, որը կարիք է զգում լրացուցիչ խթանի: «Համենայն դեպս, մենք դա ենք ցանկանում»,- ասել է դեսպանը:

Վարուժան Ոսկանյանը երկրորդ անգամ է նախարարական պորտֆել ստանում. Տարիչեանուի կառավարությունում 2006-2007թթ. նա եղել է էկոնոմիկայի և առևտրի, իսկ 2007-2008թթ. էկոնոմիկայի և ֆինանսների նախարար: Մինչ այդ` 2006թ. հոկտեմբերին, նրա թեկնածությունն առաջ էր քաշվել եվրահանձնակատարի պաշտոնում, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, ներսի և դրսի իր քաղաքական հակառակորդների սկանդալային ճնշումների ներքո հրաժարվել է դրանից:

54-ամյա Ոսկանյանը Ռումինիայի հայտնի քաղաքական գործիչներից է, 1989 թ. մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը, դարձել Ազգային միության ժամանակավոր խորհրդի անդամ (1990թ.): 1990-1992թթ. և 1992-1996թթ. եղել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ, ուր ներկայացնում էր հայերին, Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ (1993թ.), իր իսկ հիմնադրած Աջ ուժերի միություն կուսակցության նախագահ (1996-2003թթ.), որով միացել է Ազգային-ազատական կուսակցությանը/PNL և դարձել վերջինիս փոխնախագահը: 1996-2000թթ. և 2004թ. մինչ այսօր սենատոր էր, նախկին գումարման Սենատի էկոնոմիկայի, արդյունաբերության և ծառայությունների հանձնաժողովի նախագահը: Միաժամանակ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Հայոց միության հիմնադիրներից է (1990թ.) և նրա անփոփոխ նախագահը, ինչի շնորհիվ վերակազմակերպվում է հարուստ ավանդույթներ ունեցող համայնքային կյանքը:

Քաղաքական-հասարակական գործունեությանը զուգահեռ`Վարուժան Ոսկանյանը ճանաչված ռումինագիր գրող է, Ռումինիայի Գրողների միության առաջին փոխնախագահը: Նրա գրական գործերից են բանաստեղծությունների երեք հատորները` «Կապույտ Շամանը»/Samanul albastru (1994), «Թագուհու սպիտակ աչքը»/Ochiul cel alb al reginei (2001), «Հազարաթև Հիսուսը»/Iisus cu o mie de brate (2005), ինչպես նաև Կոմանդորի արձանը/Statuia comandorului (1994) պատմվածքների ժողովածուն, որի համար արժանացել է Բուխարեստի Գրողների ընկերակցության մրցանակին:

Սակայն նրան գրական միջազգային հռչակ է բերել 2009թ. հրատարակած «Շշուկների Մատյան» վեպը, որը համարվել է Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը, իսկ վեպի իտալերեն և իսպաներեն թարգմանությունները լատինական աշխարհում դարձան բեստսելլերներ: Այս տարի վեպը հրատարակվել է նաև եբրայերեն` արժանանալով հրեական գրական միջավայրի ամենաբարձր գնահատականներին: Մյուս տարի նախատեսվում են ֆրանսերեն, գերմաներեն, շվեդերեն և բուլղարերեն հրատարակությունները: «Շշուկների Մատյան»-ը հեղինակային միջամտությամբ թարգմանվեց նաև հայերեն, և այս տարի լույս տեսավ Երևանում և Բուխարեստում: Վեպի առանցքը հայ ժողովրդի ապրած ողբերգությունն է, կոտորածները և տեղահանումները, օտար ափերում հայ գաղթականների մաքառումները: Վեպում իրադարձությունները ներկայացված են ավելի լայն`երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանի, այնուհետև ստալինյան և չաուշեսկյան վարչակարգերի համատեքստում, ինչն ընթերցողի համար ավելի ըմբռնելի է դարձնում հայոց ճակատագիրը:

Նախորդ հոդվածը‘Ամենաբարձր միջին աշխատավարձը «Բարսելոնայում» է’
Հաջորդ հոդվածը‘Բիշքեկում փուլ է եկել Ամանորի գլխավոր տոնածառը’