‘Վարչախումբը պղծել է մեր անցյալն ու ապագան. գյումրեցի ազատամարտիկի նամակը ‘

1633

Գյումրեցի ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը նամակ է հղել մեր խմբագրությանը, որտեղ իր դժգոհությունն է հայտնում ներկայում Արցախյան պատերազմին տրվող մեկնաբանություններին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Խորհրդային և հետխորհրդային  ժամանակներից մի հետաքրքրիր «հայրենասիրական» պրոպագանդա է  բուն դրել  լրատվության և այլ պետական մարմինների գործելաոճի մեջ: Հիշում ենք ամեն ինչ կամ ամենքին՝ բացի հիմնականից: Օրինակ՝ երբ անդրադառնում ենք Երկրորդ համաշխարհային  պատերազմին` ամենուր առնչվում ենք Գ.Ն. Ժուկովի անվան հետ: Առանձնապես Խալխին Գոլի ճակատամարտի հուշերի ժամանակ, երբ Ժուկովը հիշում է այն սերժանտի ազգանունը, ով ԽՍՀՄ-ի դրոշն էր պարզում: Բայց իր հուշերում չի հիշատակում այն դիվիզիայի շտաբի պետի, կամ այն սպաների ազգանուները, ովքեր մշակել էին տվյալ օպերացիան և այլն՝ հասկացնելով, որ մնացածը ինքն է կազմակերպել:

Վերադառնալով մեր օրերին (ուսումնասիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը)՝ համոզվել եմ, որ Հայաստանի նորագույն պատմությունը խեղվում է այնպես, ինչպես ժամանակին խեղվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Այսօր ոչ մի պատմության դասագրքում նշված  չէ, որ 1989 թվականին Ադրբեջանը փորձեց Արցախի հարցով ներքաշել պատերազմի մեջ՝ հարձակվելով Զանգեզուրի, Մեղրիի, Երասխավանի, Նոյեմբերյանի, Իջևանի և Կրասնոսելսկի վրա:

Խոսում են պատերազմի հաղթանակից, Կոմանդոսից, Մոնթեից, Վազգեն Սարգսյանից, Մանվելն էլ (նկատի ունի Մանվել Գրիգորյանին-խմբ.) ձոներով պատմություն է կերտում, էլ չեմ խոսում Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և Սամվել Բաբայանից, ովքեր իրենց Արցախի հերոսներ են հռչակել: Եվ չգիտեմ ինչու՝ Արցախի խեղված նորագույն պատմությունը խառնվելով Հայաստանի  նորագույն պատմության հետ` խեղում են նաև վերջինս:

Քանի որ ժողովրդի մեջ 1999 թվականից առ այսօր սերմանում են սուտը, այսօր, որպես ազատամարտիկ, ցանկանում եմ աղաղակել մի իրողության մասին: Հայաստանի Հանրապետության հիմնադրումն ու նորագույն պատմությունը կերտել է մի անձնավորություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, և Արցախյան ազատագրման հարցը դրվել է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաստատման և Արցախի ինքնորոշման կոնտեքստում:

Չմոռանանք` եթե փառաբանում ենք Կոմանդոսին, ով 1992 թվականին ընդամենը մայորի կոչում ուներ, եթե մեծարում ենք լուսահոգի Մոնթեին, եթե մեծարում ենք Ժիրոյին, ով այսօր ինքն էլ է զարմացած այդ մեծարումից ( որովհետև իր նման գումարտակի հրամանատարներ շատ կային), եթե մեծարում ենք ներկայիս գեներալներ, իրականում՝ Կռազի շոֆեր Մանվել Գրիգորյանին, Կամազի շոֆեր Սեյրան Սարոյանին և վերջապես՝ Վազգեն  Սարգսյանին, և գիտակցված ձևով մոռացության ենք տալիս Հայաստանի Հանրապետության և Արցախի զորքերի գերագույն գլխավոր հրամանատարներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Արթուր Մկրտչյանին, ուրեմն՝ մենք երկու ընտրություն ունենք: Կամ ոտքի պետք է կանգնենք ու հանձինս Սերժիկի՝ քշենք այս վարչախմբին, ովքեր պղծել են մեր անցյալն ու ներկան, կամ կմնան իրենք, սակայն չենք լինի ոչ մենք, ոչ մեր պատմությունն ու ապագան»:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ աշխատակիցները 180 մլն դրամ գումարի պարգևավճարներ կստանան’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանություն. «Շախտյոր» — «Բորուսիա», «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ», եւ մյուս զույգերը. Տեսանյութ’