‘Վարչական դատարանը չի ընդունել Աֆրիկյանների տան գործով հայցը’

902

Վարչական դատարանը չի ընդունել Աֆրիկյանների տան գործով քաղաքապետարանի և կառավարության որոշումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ հայցը: Հայցը «SOS Կպահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անունից ներկայացրել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և «Urbanlab Yerevan» ՀԿ-ն:

Աֆրիկյանների տունը, որը գտնվում է Տերյան 11 հասցեում, ապամոնտաժվում է, որպեսզի «Հին Երևան» ծրագրի շրջանակներում կրկին վերակառուցվի: Սակայն, ակտիվիստները մտահոգված են, որ Աֆրիկյանների տանը նույնպես սպասվում է հին Երևանի մյուս ապամոնտաժված շենքերի ճակատագիրը, քանի որ նշված ապամոնտաժված շենքերի համարակալված հատվածները թափված են տարբեր հաստատությունների բակերում, պաշտպանված չլինելով անձրևից ու ձյունից:

Աֆրիկյանների տունը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան: 2004 թվականին այն քաղաքապետարանի կողմից վաճառեց մասնավոր ընկերությանը, իսկ 2006-ին կառավարությունը որոշեց տեղափոխել մեկ այլ վայր:

Ի դեպ, դեռ ապամոնտաժումից առաջ Աֆրիկյանների տունը նույնպես արժանացել է մյուս շենքերի ճակատագրին: Ինչպես նշել է «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, Աֆրիկյանների տունը թալանվել է, վերջին տարիներին, ընդհուպ մինչև շենքն ապամոնտաժելու մասին որոշումը, անհայտ անձինք գողացել են շենքի կոնսալային պատշգամբները, աստիճանահարթակները, դռները:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն կազմակերպությունը չէ, որը որոշում է`լավաշը հայկակա՞ն է, թե ոչ’
Հաջորդ հոդվածը‘Դատախազը միջնորդել է Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման’