‘Վարչական դատարանի որոշումը եւս հօգուտ «ՍԻԼ» կոնցեռնի էր ‘

1011

Շուրջ մեկ տարի առաջ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները վերացնելու և «Սիլ Կոնցեռն»-ի ներկայացրած ապրանքանիշը գրանցելու համար բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով:

Բանն այն է, որ 2011 թ. հոկտեմբերին ընկերությունը դիմել է գործակալությանն իր կողմից ներկայացված նշանները որպես ապրանքային նշան գրանցելու համար, սակայն Էկոնոմիկայի նախարարությունում «Սիլ Կոնցեռն»-ի դիմումը մերժել են, պատճառաբանելով, թե ներկայացված ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ավելի վաղ գրանցած ապրանքանիշին և կարող է հանրության մոտ շփոթություն առաջացնել:

Հարցին իրավական գնահատական տալու և որոշումը բողոքարկելու նպատակով «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան:
Դատաքննության արդյունքում պարզվել է, որ «Սիլ Կոնցեռն»-ի ներկայացրած նշաններն էապես տարբերվում են «Արարատ գրուպ»-ի ապրանքային նշաններից, և սպառողի մոտ չեն կարող շփոթություն առաջացնել:

Դատաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունն իր որոշման մեջ չի նշել, թե ապրանքանիշի գրանցումը մերժելիս ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել, բացի այդ գործակալությունը որոշումն ընդունել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ մեկնաբանման և կեղծ փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ վարչական դատարանին ներկայացված բավարար հիմքերը թույլ են տվել եզրակացնել, որ գործակալության կայացրած որոշումներն ընդունվել են օրենքի պահանջների խախտմամբ և ենթակա են վերացման:

«Սիլ կոնցեռն»-ի խախտված իրավունքները վերականգնելու համար անվավեր են ճանաչվել Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության որոշումները և վերջինիս պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտեր` ներկայացված ապրանքային նշանները գրանցելու համար:

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունն ու «Արարատ գրուպ»-ը Վարչական դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ վարչական դատարան:
Վերջինս Վարչական դատարանի որոշումը 2012 թ. նոյեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ թողել է նույնը:

«Եթե մեկ ամսվա ընթացքում որոշումը չբողոքարկվի Վճռաբեկ դատարան, այն կմտնի օրինական ուժի մեջ, և ընկերությունը հնարավորություն կունենա կատարել հաջորդ քայլը»,- տեղեկացրեց «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դիաննա Գրիգորյանը:

 

Փաստինֆո

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամ. Ցանկացածի հետ կմենամարտեմ. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ’