‘Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ամփոփագիր. «Քաղաքացի դիտորդ»’

2303

«Քաղաքացի դիտորդ»-ի կողմից հանրաքվեի նախապատրաստման գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ամփոփագիրը: 

2015թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների  նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը,  որի հիման վրա ՀՀ նախագահը 08.10.2015թ. հրապարակեց հրամանագիր՝ հանրաքվեի օր նշանակելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ը: Հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ից:

Սույն ամփոփագրում ներառված են տեղեկություններ նոյեմբեր ամսվա առաջին կեսին հանրաքվեի քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ:

Նոյեմբերի առաջին տասնօրյակում շարունակվել են ընտրողների թվի անհամապատասխանությունների վերաբերյալ փորձագետների բացահայտումներն ու մամուլի հրապարակումները և դրանց ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումները: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների միջև մոտ 300,000-ի հասնող անհամապատասխանությունը[1] բացատրել է երկրից մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները ԱՎԾ հրապարակումներում չներառելու, այսինքն՝ միայն մշտական բնակչության թիվն ընգրկելու հանգամանքով: Ընտրողների քանակի աճն՝ ի հակադրություն բնակչության թվի նվազման, իսկ որոշ դեպքերում` առաջինի ավելի մեծ լինելը բացատրվել է նրանով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրացուցակներում պահպանվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող քաղաքացիների անունները, քանի որ ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից:[2] 

Նոյեմբեր ամսվա առաջին կեսին, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպությունները, ինչպես նաև լրատվամիջոցները ստացել են բազմաթիվ ահազանգեր, որ հանրապետության տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվում է քարոզչություն և ցուցակագրում են աշխատակիցներին ու նրանց հարազատներին և սաների ծնողներին՝ «այո»-ի ձայներ ապահովելու համար:[3] Այս խնդիրը հնչեցվել է նաև ԱԺ նիստում և պահանջվել  է ներկայացնել բացատրություններ ՀՀ կրթության և գիտության նախարարից: [4]

Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը մասնակցած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին վստահեցրել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեում «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը հենց իր մարզն է ապահովելու և ինքը կորոշի՝ քանի տոկոս։[5] Լրագրողների հետ զրույցում «այո»-ի հաղթանակի մասին վստահեցումներ են արել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:[6]

Նոյեմբերի 3-ին 1in.am կայքում հրապարակվել է մի նյութ, ըստ որի՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ իրենց գյուղում ընտրողների 80-90 տոկոսը քվեարկելու է սահմանադրական փոփոխությունների օգտին, ինչպես նաև բացառել է Առինջում «ոչ»-ի շտաբի ձևավորումը:[7]

Նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզի Բուժական գյուղում «Նոր Հայաստան» ընդդիմադիր միավորման ծրագրած հավաքը չի կայացել: Ըստ միավորման ղեկավարներից մեկի տեղեկության՝ իրենց այցից առաջ գյուղում «աշխատել են» իրավապահները և տուն առ տուն այցելելով՝ ճնշում են գործադրել՝ չմասնակցելու միջոցառմանը:[8]

Նոյեմբերի 6-ին Մեղրիում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կազմակերպել է սահմանադրական փոփոխություններին նվիրված իրազեկման քննարկում, որին կեսից միացել է նաև Մեղրիի քաղաքապետը և հայտարարել, որ ժողովուրդը իրազեկ է և որևէ լրացուցիչ բացատրության կամ մեկնաբանության կարիք չունի, և քանի որ ինքն է ընտրված քաղաքապետը և իր համայնքի բնակիչները կքվեարկեն այնպես, ինչպես ինքը կասի: Քաղաքապետի ճնշող ներկայության և հրապարակային հայտարարած այս դիրքորոշման արդյունքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության Մեղրի քաղաքի երեք մասնակիցներ, ովքեր նախապես գրանցվել էին հանրաքվեի ժամանակ դիտորդություն անելու պատրաստակամությամբ, հանդիպումից մի քանի ժամ անց հրաժարվել են այդ առաքելությունն իրականացնել:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի նոյեմբերի 6-ի թողարկման, հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետից ու մարզպետներից բացի, «այո»-ի քարոզարշավին մասնակցելու են նաև ՀՀԿ-ական նախարարները․ իրենց պնդմամբ՝ բացառապես երեկոյան ժամը 6-ից հետո: Մասնավորապես, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախատեսում է «այո» քարոզչություն անել «իր տարածքում»՝ Գեղարքունիքի մարզում: Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար, «այո»-ի կենտրոնական շտաբի անդամ Արմեն Աշոտյանը 2015թ. նոյեմբերի 6-ից սկսել է վարել հանրային հեռուստաընկերության նոր՝ «Եռանկյունի» քաղաքական բանավեճի հաղորդաշարը, որի առաջին հաղորդումը եղել է սահմանադրական հանրաքվեի քարոզչության թեմայով:[9] Վերջինիս արդյունքում ԶԼՄ-ներով, մասնավորապես հանրային հեռուստաընկերության եթերում, քարոզչության անհավասար պայմանների կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը[10] և ներկայացրել բողոք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին,[11] իսկ Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույը բացարձակապես անընդունելի է համարել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի կողմից հանրաքվեի քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական հաղորդում վարելու փաստը ընդունված չափանիշների և լավագույն փորձի տեսանկյունից:[12]

Նոյեմբերի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայքում հրապարակվել է նյութ, ըստ որի ահազանգեր են ստացվել մի շարք գյուղերում ցուցակագրումներ են կատարվում՝ գյուղացիների անուն-ազգանունների դիմաց հորդորելով գրել «այո»: Ղարիբջան և Գետք համայնքների ղեկավարները հավաստիացրել են, որ ցուցակագրումն իրականացվել է Շիրակի մարզպետի հանձնարարությամբ՝ գյուղերը գազաֆիկացնելու և ոչ թե սահմանադրական փոփոխությունների համար, ինչը հաստատել է նաև մարզպետը: Սակայն հարկ է նշել, որ 7 գյուղ 20 տարի շարունակ դիմել են իրենց գյուղերի գազաֆիկացման համար, սակայն հարցը փորձում են լուծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին:[13]

Եվրոպական քոլեջի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Լիլյա Աբրահամյանը և գրող Նարինե Կռոյանը համապատասխանաբար նոյեմբերի 7-ին և 8-ին իրենց ֆեյսբուքյան էջերում կատարել են գրառումներ այն մասին, որ իրենց բնակարաններ այցելել են անձինք, ովքեր  ներկայացել են որպես բնակբաժնի կամ քաղաքապետարանի աշխատակիցներ և հարցրել են, թե արդյոք տանը կան պետական աշխատողներ որպեսզի նրանց «ասեն, թե ում ընտրեն», հետաքրքրվել են, թե հանրաքվեին ինչպես են քվեարկելու, որպեսզի ««ոչ» ասողների հետ աշխատանք տանեն»:[14]  Լիլյա Աբրահամյանը նոյեմբերի 9-ին նորից գրառում է կատարել այն մասին, որ նույն անձը խնդրել է տեղեկացնել, թե արդյոք ինքը 100%-անոց «այո» է, քանի որ ինքը պետք է ներկայացնի այդ տվյալները, իսկ Աբրահամյանի դիտարկումից հետո, թե ինքը 5000 դրամ է ուզում, ցուցակում նշում է կատարել «այո-փող»:[15]  

Նոյեմբերի 8-ին «Առավոտ» օրաթերթը հաղորդել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցները տնօրինության կողմից հանձնարարություն են ստացել տասական ձայն հավաքել դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օգտին: Հանձնարարությունը կատարելու համար աշխատակիցներին հատուկ բլանկեր են բաժանել, պահանջել բլանկերում գրառել անուն, ազգանուններ եւ անձնագրի համար:[16]

Նոյեմբերի 8-ից հրապարակվել է մի տեսահոլովակ, որում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անմիջականորեն մասնակցում է «այո»-ի քարոզչությանը:[17] Չնայած որ դրանով «Հանրաքվեի մասին» օրենքը ֆորմալ առումով չի խախտվում, սակայն ՀՀ պաշտպանության նախարարի խոսքը կարող է ուղղակիորեն ազդել զինծառայողների կարծիքի ազատ ձևավորման և կամարտահայտման  վրա:[18]

Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել է նույնականացման քարտերով քվեարկություն նախատեսող օրինագիծը:[19] Կրկնաքվեարկությունը բացառելու համար վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու ընդդիմության ներկայացրած բազմաթիվ առաջարկներից նախագծի հեղինակները ընդունել են միայն երկուսը. համաձայնել են քվեարկության օրը ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների սյունակում նշել, որ քաղաքացին քվեարկել է նույնականացման քարտով, իսկ քվեարկության արդյունքների արձանագրություններում հաշվարկել և նշել նույնականացման քարտով քվեարկողների թիվը:[20] Այդուհանդերձ, քանի դեռ ընտրողների ցուցակները մնում են գաղտնի, այս տվյալները ստուգման և համադրման  չեն կարող ենթարկվել և, ըստ էության, այս մեխանիզմները որևէ նշանակություն չեն կարող ունենալ քվեարկության վերահսկողության և արդյունքների արժանահավատության առումով:

Նոյեմբերի 11-ին Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը հայտնել է, որ այցելություններ են կատարվում քաղաքացիների բնակարաններ՝ նրանց առաջարկելով փոխել անձնագրերը և խոստանալով իրենց վրա վերցնել ծախսերը:[21]

Նոյեմբերի 12-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները քարոզչություն իրականացնելու նպատակով մեկնել են Արմավիրի մարզի Քարակերտ համայնք, սակայն գյուղ մտնող միակ ճանապարհը ողջ լայնքով փակված է եղել ցեմենտի պարկերով: Գյուղապետի մեկնաբանությամբ, դրանք շարվել են ճանապարհին շինարարության աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, սակայն արդյունքում խոչընդոտվել է ընդդիմության կազմակերպած միջոցառումը:[22]

Նոյեմբերի 13-ին հրապարակվեցին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրության տվյալները, որոնք բացահայտեցին հակասություններ ընտրացուցակներում՝ կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը: Մասնավորապես, պարզվեց, որ մոտ 5400 ընտրող գրանցված են ընդամենը 58 հասցեում, 4700 ընտրող չունի հասցե, իսկ ավելի քան 37300 հոգի չունի ծննդյան օր և ամսաթիվ:[23]

Նոյեմբերի 13-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունով և «Ա1+» ինտերնետային կայքով հեռարձակվում է  Հայաստանի հյուսիսային և հարավային մարզերում ռեալիթի շոուի ձևաչափով կազմակերպված «Այո & Ոչ» հաղորդումը: Հանդիպումների ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ ի պատասխան բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների, «Այո»-ի կողմնակիցները տվել  են այդ խնդիրները լուծելու խոստումներ: Մասնավորապես, Մեղրի քաղաքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը խոստացել է բարձրաձայնել բնակիչների գազի խնդիրը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը առաջարկել է  կազմակերպել արտադրություն:[24] Հարկ է նշել, որ քարոզչության ժամանակ խոստումներ տալն արգելված է «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ 11-րդ մասի «բ» կետի և ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն և առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Նոյեմբերի 14-ին «Այո & Ոչ»  ռեալիթի շոուի ժամանակ Ապարան է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ: Նա հայտարարել է, որ եկել է օգնելու այն մարդկանց, ովքեր տուժել են նախորդ գիշեր տեղի ունեցած քամուց ու անձրևից: Վարչապետը շփվել է տարածաշրջանի համայնքապետերի ու շարքային քաղաքացիների, ինչպես նաև ռեալիթի շոուի մասնակիցների հետ:[25] Հայաստանում բնականոն երևույթ են գարնանային և աշնանային քամիները, որոնց դեպքում նաև երբեմն մեծ վնասներ են հասցվում բնակավայրերին, սակայն միշտ չէ, որ վարչապետը այցելում է այդ բնակավայրերը: Տվյալ դեպքում Հ.Աբրահամյանը մեկտեղել է իր վարչապետական ու «այո»-ի քարոզարշավի կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները:



Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Օբաման չեղարկել է իրանական նավթի էմբարգոն ‘