‘Վարչապետը ներողություն է խնդրել ակադեմիկոս Համբարձումյանից’

1163

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանից այն բանի համար, որ իր անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել անվանի գիտնականին մուտք գործել ԳԱԱ դահլիճ, որտեղ հոբելյանական միջոցառում էր ընթանում: Այդ մասին iLur.am-ին հայտնեց Սերգեյ Համբարձումյանը:

«Ի սեր Աստծո, ոչինչ տեղի չի ունեցել, ամեն ինչ հրաշալի է, վարչապետն անձամբ ներողություն է խնդրել», — մեզ հետ զրույցում ասաց ակադեմիկոսը:  

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 16-ին, Գիտությունների ակադեմիայի շեն­քում ընթացող հոբելյանական նիստ-միջոցառման ժամանակ, Տիգրան Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն արգելել են ուշացումով ժամանած Սերգեյ Համբարձումյանին ներս մտնել դահլիճ` պատճառաբանելով, որ այդ պահին ելույթ է ունենում վարչապետը, եւ որ ներս մտնելով` կխանգարեն նրան:

«Դա տեսնելով՝ 91-ամյա Սերգեյ Համբարձումյանը, թերևս չկասկածելով իր գիտական վաստակի ուժին, հպարտ քայլերով մոտեցավ վարչապետի «ախրաննիկին» ու ներս մտնելու ցանկություն հայտնեց: Նրան, սակայն, մեղմորեն մերժեցին: Ասացին, որ վարչապետն է ելույթ ունենում,և դահլիճ մտնել կթույլատրվի Տիգրան Սարգսյանի խոսքից հետո միայն: Վարչապետն, իհար­կե, դեռ ելույթ չէր ունենում, ակադեմիկոսն էլ հայտարարեց, որ մտադիր չէ սպասել, անվտանգության աշխա­տակցի ուղղությամբ նետելով. «Վարչապետին կասեք, որ Համբարձումյանն էր եկել, չթողեցի»», — գրել էր թերթը:     

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Զարուհի Փոստանջյանը և զգոն ոստիկանը’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքն արդեն երկրորդ անգամ գնդակոծության է ենթարկվել’