‘Վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտը ոռոգող գետերի վրա ջրամբարներ կառուցելու` Թուրքիայի որոշմանը’

1024

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, www.karabakhfacts.com տեղեկատվական կայքի շնորհադեսին և ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին:

Քննարկմանը մասնակցած վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը և կարևորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը: 

«Այս խնդիրն առավել արդիական է մեզ համար, եթե հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երիտասարդ պետությունը: Այսօր միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ, որ պետք է համեմատական իրավունքի տեսակետից գտնվի ուշադրության կենտրոնում, քանի որ այսօր առնչվում ենք բազմաթիվ այլ հարցերի ևս: Այսօր կարևոր է նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հաշվի առնելով, որ այդ ռեսուրսների մի զգալի մասը ձևավորվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել, մասնավորապես, 20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձևավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարներ կառուցելու համար: Ըստ մասնագետների՝ տարիներ հետո լրջագույն խնդիր ենք ունենալու Արարատյան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապված»,- կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետը:

Այդ առումով, Տիգրան Սարգսյանի խոսքով, կան որոշակի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն պետք է ընձեռեն, որպեսզի Հայաստանը պաշտպանի իր ազգային շահերը: Մասնավորապես, վարչապետի դիտարկմամբ. պետք է բացահայտել միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ, փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան միջազգային ատյաններում պաշտպանել մեր շահերը: Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ՝ հիշատակվում են նաև պայմանագրեր, որոնք կնքվել են դեռևս Խորհրդային միության տարիներին: 
«Երկրորդ խնդիրը, որը նույնպես գտնվում է իրավաբանական հետազոտությունների ոլորտում, ատոմային նոր էներգաբլոկի կառուցումն է, որի շուրջ պարտավոր ենք հաշվի առնել հարևան պետությունների դիտարկումները` մինչ շինարարական աշխատանքների սկիզբը: Մասնավորապես, պետք է լուրջ իրավաբանական սպասարկում, որպեսզի հետագայում խոչընդոտներ չունենանք նոր բլոկի կառուցման գործում»,— նշել է Տիգրան Սարգսյանը: 
Վարչապետի խոսքով՝ նմանատիպ խնդիրները, որոնք ունեն տարածաշրջանային նշանակություն, բազմազան են: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանա նաև հարևան պետության կողմից սպառազինության բնագավառում միջազգային պարտավորությունների խախտման հարցը:

 

Նախորդ հոդվածը‘«Արսենալ» — «Չելսի», «Ինտեր» — «Միլան» և ևս 2 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ կմասնակցի իր իսկ դատավարությանը’