‘Վարչապետն առաջարկում է ավելի շատ անտառ կտրել ու ավելի խիստ պատժել’

3510

Կառավարության նիստի ընթացքում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարելագործել անտառօգտագործման ծավալները և պատասխանատվության միջոցները:

«Անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ: Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը: Հանձնարարվել է նաև 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա: Վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները 2-ամսյա ժամկետում համատեղ կմշակեն և կառավարության աշխատակազմ կներկայացնեն ապօրինի անտառհատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնենք անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,- ասել է վարչապետը:

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին խաղաղ գոյակցության առաջարկ է անում’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետն ու հիվանդանոցի տնօրենը մեղադրվում են լրագրողին խոչընդոտելու մեջ’