‘Վենեսուելայի ընդդիմությունն ուզում է իր աչքով տեսնել, որ Չավեսը ողջ է’

790

Կիրակի՝ մարտի 3-ին, ընդդիմության կողմնակիցները երթ են անցկացրել Կարակասի կենտրոնում՝ կառավարությունից պահանջելով բացահայտել նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր տվյալները, հաղորդում է Reuters-ը: Հարյուրավոր ցուցարաներ փողոց են դուրս եկել «Մենք ճշմարտությունն են ուզում իմանալ», «Բավական է ստեք» ցուցապաստառներով և վանկարկումներով պահանջել են անհապաղ ապացույցներ ներկայացնել այն մասին, որ Ուգո Չավեսը ողջ է, և նրա վիճակը թույլ է տալիս ղեկավարել երկիրը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Չավեսը վերջին երկու շաբաթը գտնվում է Կարակասի ռազմական հոսպիտալում, որտեղ շարունակվում են վերականգնողական գործընթացները՝ քաղցկեղի ուռուցքը հեռացնելու վիրահատությունից հետո: Կառավարության ներկայացուցիչները խոստովանում են, որ վերականգնումն ընթանում է բարդություններով, սակայն նաև հետևողականորեն ընդգծում են, որ Չավեսի վիճակը լավանում է, և նա հիվանդանոցում էլ կարողանում է զբաղվել պետության գործերով: Մինչդեռ դեկտեմբերի կեսերից ի վեր, ինչ Չավեսը վիրահատության էր ենթարկվել, նա չի հայտնվել ո՛չ հանրության առաջ, ո՛չ էլ հեռուստաեթերում: 2012 թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններում հաղթած Չավեսը չկարողացավ մասնակցել անգամ հունվարի 10-ին  իր երդմնակալության արարողությանը: Ընդդիմությունը, վկայակոչելով երկրի սահմանադրությունը, պահանջում էր նոր ընտրություններ անցկացնել, սակայն գերագույն դատարանը վճռեց, որ Չավեսը կարող է ստանձնել պաշտոնը, երբ դա անհրաժեշտ համարի, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մարտի 6-ից Սարալանջի փողոցում տեղադրվելու է արագաչափ ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Մեղրիում’