‘Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյին հատուկ լիազորություններ է տրամադրել’

892

Վենեսուելայի ազգային ժողովը նոյեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հատուկ լիազորություններ տրամադրելու վերաբերյալ, որոնք նրան անհրաժեշտ են  Վենեսուելային սպառնացող կոռուպցիայի և տնտեսական պատերազմի դեմ արդյունավետորեն պայքարելու համար, հաղորդում է France-Presse գործակալությունը: Օրինագծին կողմ է քվեարկել 165 պատգամավորներից 99-ը՝ ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր այն ընդունելու համար: Ավելի վաղ օրինագիծն ընդունելու համար չէր հերիքել մեկ ձայն: Այդ բացը լրացվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ դադարեցվել են ընդդիմադիր պատգամավոր Մարիա Մերսեդես Արանգուրենի պատգամավորական լիազորությունները. նրան կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել, իսկ խորհրդարանում նրա տեղն զբաղեցրել է Մադուրոյի զինակիցը:

Ուգո Չավեսի նախագահության օրոք Վենեսուելայի խորհրդարանը մի քանի անգամ հատուկ օրենսդրական լիազորություններ է շնորհել երկրի նախագահին, ընդ որում՝ վերջինը՝ 2001 թվականին, երբ  դա արվեց ջրհեղեղից հետո բնակչությանը արտակարգ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Այդ լիազորությունների գործողության մեկուկես տարվա ընթացքում Չավեսը հասցրեց ընդունել գրեթե 200 օրենսդրական ակտ: Ի թիվս այլ բաների՝ նա իրեն ապահովեց նավթային նախագծերի ազգայնացման իրավունքով և ամրապնդեց իր իշխանությունը գերագույն դատարանում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մայրը պատրաստ է հիվանդ որդուն տալ իր երիկամը, սակայն վիրահատության համար գումար չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն՝ ընդդեմ Իբրահիմովիչի. ԱԱ 2014-ը նրանցից մեկը բաց կթողնի’