‘Վենեսուելայի նախագահը խոստանում է խիստ օրենքներ մտցնել ԶԼՄ-ների համար’

831

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրը խոստացել է իր ողջ իշխանությունն օգտագործել՝ մամուլի գործունեությունը խիստ կարգավորող օրենքներ ընդունելու համար, հաղորդել են լատինաամերիկյան ԶԼՄ-ները: «Երկիրը խաղաղեցնելու նպատակով ես մի շարք նորմեր կմտցնեմ մամուլի վերաբերյալ, և թող ինձ բռնապետ անվանեն, ինձ համար մեկ է, բայց ես խիստ միջոցներ եմ ձեռք առնելու՝ վերջ տալու համար «դեղին մամուլին» և արյուն ու մահ սնուցող քարոզչությանը»,- հայտարարել է Մադուրոն:

Նախագահի կարծիքով՝ մասնավոր «բուրժուական լրատվամիջոցները» միտված են տապալելու Վենեսուելան հանդարտեցնելու պլանը, որի նախաձեռնողն ինքը պետության ղեկավարն է: Մադուրոն նշել է, որ բռնությունը կապիտալիզմի պտուղն է, որն իդեալականացնում է զենք օգտագործելը և դաժանությունը հեռուստաէկրաններին, իսկ «բուրժուական մամուլը» հույս ունի, որ բռնությունը կօգնի վերջ տալ բոլիվարիական հեղափոխությանը:

Նախկինում Մադուրոն Վենեսուելայում հանցավորության բարձր մակարդակը կապել էր հեռուստասերիալների հետ, որոնցում գլխավոր կերպարները մարդկանց են սպանում, սակայն ներկայացվում են որպես հերոսներ:

Պաշտոնական տվյալներով՝ 2013 թ. Վենեսուելայում սպանությունների թիվը կազմել է 39՝ 100 հազար բնակչի հաշվարկով, մինչդեռ անկախ կազմակերպությունները նշում են 79 թիվը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օդեսայի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է կավատի’
Հաջորդ հոդվածը‘Ներքին հրահանգ` պարտադիր պահումներ կատարել ‘