‘Վենեսուելայի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին’

821

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղեկացրել է, որ ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի ինքը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին:

Երկուշաբթի ելույթ ունենալով Արագուա նահանգում՝ Մադուրոն հայտարարել է, որ կմեկնի Նյու Յորք, որպեսզի «տեղ հասցնի Վենեսուելայի ձայնը, Ուգո Չավեսի և նրա երկրի ժողովրդի ձայնը»:

2013 թ. Մադուրոն հրաժարվեց ելույթ ունենալ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում՝ պատճառաբանելով, թե ԱՄՆ-ն իր դեմ երկու սադրանք է կազմակերպել, որոնցից մեկը վերաբերում էր իր ֆիզիակական անձեռնմխելիությանը, երկրորդը միտված էր լարվածություն առաջացնելու միջազգային լրատվամիջոցներում: Ընդ որում՝ նա պնդել էր, թե Սպիտակ տանը հայտնի է եղել սադրանքների նախապատրաստման մասին, սակայն «նախագահ Օբաման այնքան թույլ է, որ չի կարողացել համապատասխան միջոցներ ձեռք առնել»:

«Մեր ձայնից վախենում են,- հայտարարել է Մադուրոն:- Կիրակի օրը ԱՄՆ-ում աննախադեպ բան է տեղի ունեցել. ամենաբարձր տպաքանակի օրը միանգամից ամերիկյան երկու առաջատար թերթեր՝ The New York Times-ը և The Washington Post-ը, առաջնորդող հոդվածներ են տպել՝ նվիրված Վենեսուելայի նախագահին»: Վկայակոչելով ԱՄՆ-ում Վենեսուելայի բարեկամներին՝ Մադուրոն պարզաբանել է, որ այդ հոդվածների նպատակն է եղել իրեն թույլ չտալ մասնակցել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» վրեժ կլուծի Սիրիայի ռմբակոծության համար’
Հաջորդ հոդվածը‘Ականատեսներ Մալթայում. Մաքսանենգներն սպանում էին անլեգալ միգրանտներին’