‘Վենեսուելան «դիվերսիայի» մեղադրանքով արտաքսում է ԱՄՆ դիվանագետներին’

785

Վենեսուելան հայտարարել է ամերիկյան երեք դիվանագետների արտաքսելու մասին, որոնք մեղադրվում են երկրի տնտեսությունը քայքայելու նպատակով դիվերսիա կազմակերպելու մեջ: Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայից հեռանալու համար դիվանագետներին տրվել է 48 ժամ ժամանակ: Մադուրոն նշել է, թե ինքն ապացույցներ ունի, որ ամերիկացի երեք դիվանագետները սեպտեմբերին մասնակցել են էլեկտրացանցերի դիվերսիային, ինչպես նաև՝ կաշառքներ են տվել վենեսուելական ընկերություններին, որպեսզի նրանք կրճատեն իրենց արտադրությունները:

ԱՄՆ-ը և Վենեսուելան դեսպանի մակարդակով դիվանագիտական հարաբերություններ չեն պահպանում 2010 թվականից: Կարակասում ԱՄՆ առաքելությունը մինչև հիմա ղեկավարում էր գործերի հավատարմատար Քելլի Քայդերլինգը, որն արտաքսվող երեք  դիվանագետներից մեկն է:

Վենեսուելայում վերջին ամիսներին մի շարք հիմնական ապրանքների՝ շաքարի, ալյուրի, զուգարանի թղթի  դեֆիցիտ է նկատվում: Ընդդիմությունը դրա մեղավորն է համարում Մադուրոյի ձախ քաղաքականությունն ու հռետորաբանությունը:

Դիվանագետներին արտաքսելու մասին Մադուրոն հայտարարել է Սանտ-Անա քաղաքում հանդիսավոր մի արարողության ժամանակ: «Դուրս կորեք Վենեսուելայից: Յանկի, գոու հոմ: Հերիք է ձեռ առնեք մեր խաղաղասեր երկրի արժանապատվությունը»,- բացականչել է Մադուրոն, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Սիրիան գրոհայիններին անվանել է «ահաբեկիչներ՝ 83 երկրներից»’
Հաջորդ հոդվածը‘Մաուրո Իկարդին կփոխարինի Մեսսիին’