‘Վենետիկի քաղաքապետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով’

1083

Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին, ինչպես նաև 35 հայտնի իտալացի քաղաքական գործիչներ և գործարարներ, ձերբակալվել են: Նրանք բոլորը կասկածվում են շորթման, կաշառակերության և փողերի լվացման մեջ, հաղորդել է La Repubblica թերթը: Ֆինանսական մեքենայությունները նրանք իրականացրել են բազմամիլիոնանոց MOSE նախագիծը կյանքի կոչելիս, որի նպատակը հայտարարվել էր Վենետիկը հեղեղումից փրկելը:

Ընդհանուր առմամբ՝ MOSE նախագիծն իրագործելիս կոռուպցիայի գործով անցնում է մոտավորապես 100 մարդ՝ քաղաքական գործիչներ և գործարարներ: Պարբերականը նշում է, որ դատախազությունը պատգամավոր Ջանկառլո Գալանին ձերբակալելու հայց է ներկայացրել: Գալանին նախկինում եղել է Վենետո մարզի նախագահը, ինչպես նաև՝ տարբեր ժամանակներում գլխավորել է գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում:

MOSE-ի շուրջ սկանդալը պայթել է երկու տարի առաջ: Անցյալ տարվա փետրվարին ոստիկանությունը ձերբակալեց Mantovani շինարարական ընկերության թոփ-մենեջերներին, որոնք հաղորդեցին, թե ֆիրման լվանում է փողերը և դրանք տեղափոխում է արտասահման: Մի քանի ամիս անց ձերբակալվեցին նաև այդ նախագծին առնչություն ունեցող այլ ընկերությունների ղեկավարներ: Մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն հայտնվեց, թե գործին կարող է մասնակից եղած լինել նաև Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախկին նախարար Ալտերո Մատեոլին:

MOSE նախագիծը կոչված է հեղեղումներից պաշտպանելու Վենետիկը և Իտալիայի Վենետիկյան ծովալճակի առափնյա քաղաքները: Ըստ մտահղացման՝ երբ մակընթացությունը գերազանցի թույլատրելի մակարդակը, ծովալճակը հատուկ ամբարտակներով պետք է մեկուսացվի Ադրիատիկ ծովից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը ուկրաինացիներին հանգստանալու է հրավիրում Ղրիմ’
Հաջորդ հոդվածը‘Քերին և Լավրովը Փարիզում կքննարկեն ուկրաինական հարցը’