Վերադառնալով «Ինչո՞ւ է նեղսրտել Արամ Սարգսյանը» մեր գրառմանը

11117

Նկատի ունենալով, որ Արամ Սարգսյանի մի խոսքի առիթով ֆեյսբուքյան հանպատրաստից արածս գրառումը կարեւոր հարցի է վերաբերում, ուզում եմ այն լրացնել` ավելի ակնառու դարձնելու համար տվյալ խնդիրը կամ իրողությունը։ Խոսքը վերաբերում է 1998թ. Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, դրա պատճառներին, առարկայական հիմքերին ու շարժառիթին։

Հրաժարականի բուն տեքստում ուղիղ ասվում է, որ խոսքը ոչ թե ԿԱՄԱՎՈՐ, այլ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ հրաժարականի մասին է։  Այն սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի ՊԱՀԱՆՋ» (ընդգծումն իմն է,-Ա.Ս.)։

Սովորական ընթերցողը դրանից կարող է հասկանալ, թե տվյալ «հայտնի մարմինների» ղեկավարները մտել են Նախագահի աշխատասենյակ եւ պահանջել են, որ նա հրաժարական տա, նա էլ վերցրել ու հրաժարական է տվել։ Հենց այսպիսին է եղել նաեւ ընդհանրական հասարակական ընկալումը, եւ այդ պատճառով է, որ միշտ (հատկապես ղարաբաղյան վերջին աղետից հետո) Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են թե՝ «թող չկատարեր այդ պահանջը, հրաժարական չտար, դրանց հեռացներ պաշտոններից, մնար ու լուծեր խնդիրը»։

Նման դեպքերում ամեն ինչ կախված է լինում նրանից, թե ինչ է դրված հրաժարականի պահանջի տակ։ Նախորդ իմ գրառման մեջ համապատասխան տեքստերի վկայակոչմամբ ցույց եմ տվել, որ հրաժարականի հայտարարության մեջ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՔՍՏՈՎ ասվել է, որ այդ պահանջի տակ դրված է եղել քաղաքացիական պատերազմի սպառնալիք։ Հենց դա է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն բաց, բոլորին հասկանալի տեքստով ասաց իր վերջին ելույթում.

 «…նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ»:

Մինչ այս նա, որպես իր հրաժարականի համար պարտադրանքի գործիք, ուղիղ խոսքով երբեք չի օգտագործել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ» արտահայտությունը։ Առաջին անգամ նա դա օգտագործեց իր հիշյալ ելույթում՝ հավելելով նաեւ, որ՝ «Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։

Այսինքն՝ «բացահայտված գաղտնիքը» Վ. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի կողմից քաղաքացիական պատերազմով սպառնալուն չի վերաբերում (այդ մասին հրաժարականի տեքստում ասված է, եւ ոչ մեկ անգամ)։ Բացահայտված գաղտնիքը այն է, որ՝ «բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակներ» պատրաստ են եղել կանգնել Նախագահի կողքին՝ ընդդեմ հեղաշրջման կազմակերպիչների։ Աջակցության առաջարկ էր արել նաեւ ՌԴ նախագահ Բ. Ելցինը։

Այն, որ իրավիճակը չափազանց լարված է եղել, եւ նախագահին դրել են քաղաքացիական պատերազմի սպառնալիքի հանդիման, վկայում է նաեւ Ռ. Քոչարյանը իր «Կյանք եւ ազատություն» վերնագրով հուշագրությունում (նա այդ ժամանակ Հայաստանի վարչապետն էր)։ Ահա դրանից մի քանի քաղվածք (ընդգծումներն իմն են,- Ա.Ս.).

«Վերջին ամիսներին մեր միջեւ աճող լարվածությունը վերածվեց բացահայտ առճակատման» (էջ 275)։

«Կառավարությունում կային մարդիկ, ովքեր կիսում էին իմ տեսակետը, կային նաեւ նախագահի կողմն անցածներ» (էջ 276)։

«Ակնհայտ էր, որ նախագահը չի հրաժարվի իր մտադրությունից, ու որ մենք նրան չենք աջակցի։ Անվտանգության խորհրդի նիստը վերջնականապես մեզ բաժանեց տարբեր ճամբարների՝ փշրելով դիրքորոշումների մոտեցման հնարավորության վերջին պատրանքները։ Բախումը տեղափոխվեց բաց փուլ» (էջ 283)։

«Ամբողջ երկիրը քարացել էր՝ սպասելով հանգուցալուծմանը։ Դա կարող էր կա՛մ նախագահի հետ համաձայնության չեկածների հրաժարականը լինել, կա՛մ հենց նախագահի հրաժարականը։ Քայլը նրանն էր» (էջ 283)։

«Ու ես ասացի. «Ոչ»։ Կամ ինձ կազատի աշխատանքից, կամ ինքը կհեռանա»։ Վազգեն Սարգսյանը գրեթե նույնն ասաց. «Թող ինձ էլ ազատի աշխատանքից, եւ այդ ժամանակ մեր ձեռքերը լրիվ ազատ կլինենկպայքարենք արդեն ոչ մեր պաշտոններում» (էջ 287)։

Ավելի խոսուն վկայություններ (եւ այն էլ՝ «առաջին ձեռքից») այն մասին, որ, 1998-ին եղել է իշխանության երկփեղկում, եւ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ են եղել գնալ քաղաքացիական պատերազմի, դժվար է երեւակայել։ Ցանկացած դատարան այս վկայությունները կգնահատեր որպես ինքնախոստովանական ցուցմունքներ եւ անհերքելի ապացույցներ։

Հրաժարականի որոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, ընդունել է ոչ թե հաշվարկելով, թե ինչպիսին է իր եւ «իշխանության հայտնի մարմինների» միջև ուժերի հարաբերակցությունը։ Այլ դեպքում գուցեեւ կարելի կլիներ նման հաշվարկը, եւ ըստ այդմ՝ որոշում կայացնելը։ Սակայն Հայաստանը պատերազմական վիճակում էր, հրադադարի ռեժիմում։ Դժվար չէր պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե երկրի ներսում քաղաքացիական պատերազմի տեսքով անկայունություն առաջանար։ Դժվար չէր, քանզի կար այդ փորձը. Ադրբեջանում հենց ներքին անկայունության նման դրսեւորումների ժամանակ էին եղել նրա՝ կորուստները, մեր՝ ձեռքբերումները։ Հիմա, պարզապես, կլիներ հակառակը, եւ կկորցնեինք Արցախը։ Այսինքն՝ քաղաքացիական նման մի պատերազմում ոչ թե կողմերից մեկն էր հաղթելու, այլ հաղթելու էր երրորդ կողմը՝ Ադրբեջանը։

Այսինքն՝ Առաջին նախագահի հրաժարականի հիմքում եղել է պետական մտածողությունը։ Եւ պետական մտածողությունը լիակատար բացակայել է մյուս կողմի մոտ, ովքեր պատրաստ են եղել գնալ քաղաքացիական պատերազմի, ինչի մասին, ահա, հստակ վկայում է հիմնական գործող անձանցից մեկը՝ Ռ. Քոչարյանը։

 1998թ. կատարվածը հստակ պետական հեղաշրջում էր՝ ծանր հանցագործության պատմական փաստ։ Իսկ այն հանգամանքը, որ հենց դրա հետեւանքը 23 տարի անց եղավ Արցախին պատուհասած կործանարար աղետը, Հայաստանի սահմանների եւ պետականության վտանգվածությունը, առավել եւս կարեւոր է դարձնում ժամանակին քաղաքական լեզվով ասված միտքը սովորական՝ բոլորին հասկանալի լեզվի վերածելը եւ անձնավորելը, ինչը եւ Կոնգրեսի համագումարի իր ելույթում արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

***

Հ.Գ. Թե ինչ պարզվեց ու ինչ եղավ Առաջին նախագահի հրաժարականից, արտահերթ նախագահական ընտրություններից, Ռ. Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո՝ առանձին մեծ թեմա է։ Բայց այնքանով, որքանով դա անմիջականորեն կապվում է այս հոդվածի նյութին, իսկ Հարութ Ուլոյանն էլ երեկվա ֆեյսբուքյան գրառման մեջ այդ թեմայով խոսուն նյութ է հրապարակել ՝ Վ. Սարգսյանի մտերիմ եւ Երկրապական շրջանակներում հայտնի Ալբերտ Բազեյանի վկայություններից, կարճ ներկայացնենք այն.

1. «Իշխանության ղարաբաղյան թևը» երկրապահներին համոզել է, թե՝ «իշխանությունները գնում են ոչ հայանպաստ լուծման, և միակ ուղին Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացնելն է», — այսինքն՝ ի սկզբանե Ռ. Քոչարյանն է եղել նախաձեռնողը։

2. Քոչարյանի նախագահ ընտրվելուց շատ կարճ ժամանակ անց երկրապահները Վ. Սարգսյանի գլխավորությամբ հասկացել են, որ «իշխանափոխության հարցում» իրենց խաբել են, — նկատի ունի, որ խաբել է նույն Ռ. Քոչարյանը։։

3. Հասկանալով, որ «քաղաքական մեծ սխալ են թույլ տվել», Վ. Սարգսյանը 1999թ. խորհրդարանական ընտրություններին գնաց «իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանի հետ»։

Շարունակությունը հայտնի է…

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում. Տեսանյութ
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 140 նոր դեպք, 7 մահ