‘«Վերադարձ» երաժշտական փառատոն. Պրեմիերաներ և հետաքրքիր դուետներ’

1454

Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ Երևանում կընթանա «Վերադարձ» 7-րդ երաժշտական փառատոնը: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, «Վերադարձի» շրջանակում կընթանա, ընդհանուր առմամբ, 6 համերգ: Փառատոնը կբացի ջութակահար Դավիթ Հարությունյանի (Ֆրանսիա), ալտահար Տոմիկո Ակասավայի (Ճապոնիա), թավջութակահար Միքայել Հախնազարյանի (Գերմանիա) Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ինչպես նաև սոպրանո Մերի Մովսիսյանի ելույթը: Հոկտեմբերի 30-ին Զարեհ Սահակյանցի 80-ամյակին նվիրված համանման համերգ կընթանա նաև Աբովյան քաղաքում:

Փառատոնային երրորդ համերգը կկայանա հոկտեմբերի 31-ին Կամերային երաժշտության տանը: Ջութակահար Դավիթ Հարությունյանից, ալտահար Տոմիկո Ակասավայից և թավջութակահար Միքայել Հախնազարյանից բացի դրան կմասնակցեն նաև Տիգրան Մաթևոսյանը (ջութակ) և Վահան Գրիգորյանը (թավջութակ): Համերգի շրջանակում, ինչպես նշել է Շահինյանը, առաջին անգամ Հայաստանում կհնչի Շտրաուսի ՙԿապրիչիոն՚ լարային սեքստետի համար:

Նոյեմբերի 3-ին փառատոնի շրջանակում առաջին անգամ հանդիսատեսի առջև  մենահամերգով հանդես կգա դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը ԱՄՆ-ից: Նոյեմբերի 8-ին սպասվում է ոչ պակաս հետաքրքիր ելույթ, որը կմիավորի երկու քույրերի` սոպրանո Կարինե Մկրտչյանին, որ ապրում է ԱՄՆ-ում, և սոպրանո Արմինե Մկրտչյանին` Հայաստանից: Դաշնակահար Արմեն Աղաջանյանի նվագակցությամբ  մենակատարները կկատարեն Հենդելի, Մոցարտի, Ռոսինիի, Դվորժակի, Սեն Սանսի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Վերադարձ» փառատոնը կեզրափակի դաշնակահար Վահագն Պապյանի (Իսրայել) և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ համերգը, որի ծրագրում ներառված են Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործություններից:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնանկություններ գլխավոր դատախազությունում ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռոմա» — «Նապոլի». Կարո՞ղ է արդյոք այն վերածվել «Սերիա Ա-ի» կենտրոնական հանդիպման’