‘Վերահաշվարկի արդյունքում 1/6-ում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայներն ավելացան, 1/9-ում արդյունքներն անփոփոխ են’

3584

Ավանում գտնվող թիվ 1/6 ընտրատեղամասի ձայների վերահաշվարկի արդյունքում Հանրապետական կուսակցության ձայները ավելացան 5-ով: 1/6-ի հանձնաժողովի 5 անվավեր ճանաչած քվեաթերթիկները Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում վավեր ճանաչեց: Արդյունքում` ՀՀԿ-ի ձայները թիվ 1/6-ում 763-ն են` նախկին 758-ի փոխարեն: «Բարգավաճ Հայաստանի» ձայներն էլ ավելացան մեկով՝ 108-ից դառնալով 109: ՀՀԿ-ի վստահված անձը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ «վերահաշվարկի պրոցեսը իդեալական է կազմակերպված, ամեն ինչ օրենքի սահմաններում է տեղի ունենում»: Կոնգրեսի վստահված անձ Արմեն Խաչատրյանը ևս հաստատեց, որ գործընթացն օրենքով սահմանված կարգով է ընթանում:

Պարզվել է, որ տարբերություն կա ընտրողների ստորագրած ցուցակի և ոստիկանության կայքում հրապարակված ցուցակի միջև:

Քվեաթերթիկներից մեկի վրա նշումը դրված էր Հանրապետական կուսակցության կողքին՝ կանաչ գրիչով, V-աձև նշանը՝ մուգ: 1/6-ի հանձնաժողովի անդամը այդ քվեաթերթիկն անվավեր ճանաչելը բացատրեց նրանով, որ ընտրողը ցանկություն է ունեցել բացահայտելու իր անձը: Հարցը դրվեց քվեարկության, ու այն վավեր ճանաչվեց:

ԲՀԿ-ի օգտին քվեարկած քաղաքացիներից մեկն էլ V-աձև նշանի կողքը կետ էր դրել: Սա անվավեր ճանաչելը ևս տեղամասային հանձնաժողովի անդամը բացատրեց ընտրողի՝ անձը բացահայտելու ցանկությամբ, սակայն հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանն առարկեց՝ նշելով, որ ընտրություն կատարելու ժամանակ ընտրողն այս կուսակցությունից այնքան գոհ է մնացել, որ նշել է ու կետ է դրել, ու այդ կետը «գոհ մնալու նշան է»: Այս քվեաթերթիկը ևս քվեարկության արդյունքում վավեր ճանաչվեց:

Հանձնաժողովը վերահաշվարկեց նաև թիվ 1/9 ընտրատեղամասի քվեաթերթիկները: Արդյունքներն անփոփոխ են՝ «Առաքելություն»՝ 9, ԲՀԿ՝ 78, «Բարև Երևան»՝ 85, ՀԱԿ՝ 43, ՀՅԴ՝ 29, ՀՀԿ՝ 933, ՕԵԿ՝ 35: Այս տեղամասում վերահաշվարկ իրականացնելու դիմում էր ներկայացրել Կոնգրեսի վստահված անձ Աշոտ Թադևոսյանը: Նա iLur.am-ի հետ զրույցում վերահաշվարկ իրականացնելու դիմում ներկայացնելը հիմնավորեց նրանով, որ քվեաթերթիկների տեսակավորման հետ կապված՝ կասկածներ ուներ:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվեց Արտակ Նազարյանի գործով դատավճիռը. Ծովինար Նազարյանի մեկնաբանությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» միայն երեք խաղացող է այժմ խոսում Մոուրինյոյի հետ’