‘Վերահսկիչ պալատը բյուջեի եկամուտների ավելի խորը ստուգումներ կիրականացնի’

754

 

Ազգային ժողովում ծրագրային հաշվետվությամբ հանդես եկող Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանին Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչ մեթոդաբանությամբ է ՎՊ-ը բյուջեի եկամտային մասում ստուգումներ իրականացնելու:

Զուրաբյանը հիշեցրեց, որ Կառավարությանն ուղղած հարցապնդման մեջ Կոնգրեսը ներառել է բյուջեի եկամտայն մասի թալանի հարցը:

«Խոսքը գնում է այն մասին, որ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների մերձավորները, օգտվելով ապօրինի արտոնություններից, խուսափում են հարկերի մուծումից, եւ բյուջեի եկամուտները պատկերավոր ասած, թալանվում են բյուջե մուտք գործելուց առաջ», — նշեց պատգամավորը: Նրա խոսքով, միջազգային լուրջ կազմակերպությունների տվյալներով, բյուջեի միջոցների ընդհանուր թալանը հավասար է առնվազն 1,7-1,8 միլիարդ դոլարի:

«Մենք տեսնում ենք, որ առաջին անգամ ձեր ծրագրի մեջ նախատեսվում են ստուգումներ` կապված բյուջեի եկամտային մասի հետ, այսինքն, առաջին անգամ  դուք մուտք եք գործում այդ տարածք: Հետաքրքիր է, թե ինչ մեթոդաբանությամբ եք դուք պատրաստվում ստուգումներ կատարել, որպեսզի մենք կարողանանք հասկանալ թե ինչ է կատարվում այդ ոլորտում, ովքեր են պատասխանատուները եւ ինչպես կարելի է շտկել իրավիճակը», — հարցրեց Զորաբյանը:

Ի պատասխան, Լիլիթ Գեւորգյանը նշեց, որ Վերահսկիչ պալատը նախկինում եւս բյուջեի եկամտային մասի ստուգումներ անցկացրել է

«Այս անգամ փորձելու ենք ավելի խորը վերլուծել եկամուտների ձեւավորումը, եւ փորձել բացահայտել բոլոր գոյություն ունեցող ռիսկերը», — նշեց Գեւորգյանը: Ինչ վերաբերում է մեթոդաբանությանը, ապա, ՎՊ պաշտոնյայի խոսքով, տարվա ընթացքում Ազգային ժողովի հետ քննարկումներ կլինեն նաեւ այդ մասով: 

Նախորդ հոդվածը‘Գյումրին պատրաստվում է դիմավորել ՌԴ նախագահին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Կիևի ոստիկանությունը կպատժի անկարգություններին մասնակցած ակտիվիստներին’