‘Վերլուծություն մեկ տեղամասի արդյունքներով, կամ հետեւություն անելու ժամանակը ‘

3100

Հերթական նախագահական ընտրությունները ավարտվեցին  եւ  ի դեմս  Րաֆֆի Հովհաննիսյանի հայ ժողովուրդը ունեցավ հերթական ընտրված նախագահը…

Այս անգամ, սակայն, հետընտրական շրջանը նախորդից տարբերվում է նրանով, որ ռեժիմի գեբելսյան քարոզչամեքենան աջ ու ձախ թմբկահարում է, թե քվեարկությունն ու ձայների հաշվարկը անց են  կացվել  օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում ընտրությունների արդյունքները վիճարկող  Րաֆֆի Հովհննիսյանի թիմը վերահաշվարկի ու անվավեր ճանաչելու դիմումներով կհեղեղեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Այս  մոտեցումը նախ թմբկահարեց   Խոզրով  Հարությունյանը, ապա համընդհանուր տարածում գտավ ռեժիմի սպասարկուների շրջանում:   Վերջինիս եւ սրա նման ջայլամներին  հիշեցնում եմ՝ նախորդ նախագահական ընտրություններին հաջորդող շրջանում Տեր-Պետրոսյանի թիմը, ուր ընդգրկված էին նաեւ շուրջ 4500 վստահված անձիք, այդպես էլ վարվել էին՝ գնացել էին դասական իրավական ճանապարհով: Փետրվարի 29-ին Սահմանադրական դատարան ներկայացվեց կեղծիքը մերկացնող հիմնավոր նյութեր: Հենց հաջորդ օրվա՝  մարտի մեկի սպանդով գործող ռեժիմը  առնավազը տասը մարդկային կյանքի հետ ոչնչացրեց իրավական գործընթացը:   

Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, իսկ այդ հաղթանակը թղթի վրա արձանագրվել է միայն այն տեղամասերում, որտեղ հնարավոր է եղել է իրականացնել լուրջ վերահսկողություն: Ես սա ասում եմ կոնկրետ տեղամասի վերահսկողության պատասխանատվությունը ստանձնածի դիրքերից եւ իրավունքով:

Ես 10/9 տեղամասում քվեարկության եւ ձայների հաշվարկման ողջ ընթացքում եղել եմ Հրանտ Բագրատյանի վստահված անձի կարգավիճակով, ինձ աջակցել են երկու լրագրող եւ ՀԱԿ հանձնաժողովի ադամը: Մեր առջեւ դրված խնդիրն է եղել թույլ չտալ բացակա ընտրողների փոխարեն կատարել բազմակի քվեարկություն, որը ապհովել ենք ընրողների հաշվառման երկու մատյանները մշտական հսկողության տակ պահելով: Տեղամասում իրականացվել է «կարուսել» կոչվող  հայկական կեղծարարական  հնարքը, որովհետեւ հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ օգտագործված քվեաթերթիկների թիվը մեկով ավելի էր քվեարկածների ստորագրությունների թվից: Սա նշանակում է, որ տեղամասից մեկ քվեաթերթիկ դուրս է բերվել հենց հանձնաժողովի աջակցությամբ: Սրանում ներքուստ համոզված էր անգամ  հանձնաժողովի ամենափորձառու անդամը՝ «Օրինաց երկրից»: Իսկ հանձնաժողովի «Ժառանգության» անդամը այնքան ազնիվ էր, որ պնդում էր, թե  այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ, քանի որ տեղամաս մուտք գործած յուրաքանչյուր ընտրողի տրվում է մեկ քվեաթերթիկ: Սա ու գերհոգնածությունն էր պատճառը, որ բավարար ջանքեր չգործադրվեց  հիշյալ փաստը արձանագրել տալու համար:

Սակայն կարողացանք արձանագրել տալ այն փաստը, որ խոնավ անձեռոցիկի միջամտությամբ անձնագրի վերջին էջին դրված դրոշմը անհետանում է: Արձանագրության տակ ստորագրեցին հանձնաժողովի բոլոր ադամները եւ կա համապատասխան քաղվածք:

Ամենափորձառու հանձնաժողովի անդամը անձնագրի վերջին էջի փոխարեն ձգտում էր դրոշմակնքել անձնագրի կազմը: Վերադասի հետ հեռախոսային իրավական կոնսուլտացիայից հետո նրան պաշտպանում էր հանձնաժողովի նախագահը: Բայց լրագրողական տեսախցիկների հայացքի ներքո եւ օրենսգրքի համապատասխան դրույթի ակնհայտության ուժով կարողացանք հաղթահարել այս իրավիճակը: Հաջորդ օրը միայն հասկացա, որ այդ անիմաստ, կախարդական, անհետացող թանաքը կազմի վրայից ավելի հեշտությամբ կարելի է մաքրել:

Ձայների հաշվարկի ընթացքում, երբ ակնհայտ դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի առավելությունը, հանձնաժողովի նախագահը վերջինիս օգտին տրված քվեաթերթիկները անվավեր դարձնելու  հուսահատ մի փորձ ձեռնարկեց: Անվավեր ճանաչելու նպատակով քվեարկության էր դնում այն քվեաթերթիկները, որոնց հակառակ կողմում հանձնաժողովի անդամների կողմից դրված անհատական կնիքներից մեկի հետքը լղոզված կամ դժվար ընթեռնելի էր: Այնուամենայնիվ, նրան հաժողվեց այդ ճանապարհով Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից 10-15-ը անվավեր համարել:

Հարկի եմ համարում  ասել նաեւ, որ հանձնաժողովի իշխանահպատակ անդամները այդ նախաձեռնությանը կողմ էին քվեարկում դժկամությամբ:

Այսքանից հետո տեղամասում գրանցված 1896 ընտրողներից քվեարկությանը մասնակցեցին 839-ը (մասնակցությունը 44,25% Երեւանի 54,05%-դիմաց):  

Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել էր 449 ձայն (56%),  իսկ Սերժիկ Սարգսյանը՝ 276 (34.5%): Անվավեր քվեաթերթիկներ՝ 38:

Վստահեցնում եմ, որ եթե չլիներ վերահսկող խմբի բծախնդիր գործունեությունը, հանձնաժողովի նախագահի նկատմամբ իրավական գիտելիքների առավելությունը, լրագրողական տեսախցիկի  հսկողության ներքո, միջազգային դիտորդների տեւական ներկայությունը, որոնց արդյունքում ուղղակի բացառվեց բացակա ընտրողների փոխարեն «քվեարկելու»  հնարավորությունը, ապա այդ տեղամասում մասնակցությունը պակաս չեր լինի 1100-ից  իր բոլոր հետեւանքներով: Դա արվելու էր տեղամասի առջեւ խմբված երիտասարդների ջանքերով, որոնք բազմակի քվեարկություն էին կատարելու բացակա ընտրղների փոխարեն: Իմ օրինական պահանջով, ի դեպ, ոստիկանության ներկայացուցիչները վերջիններիս խնդրելով փորձում էին հեռացնել օրենսգրքով արգելված տարածքից, բայց արդյունքի չէին հասնում:

Թռուցիկ հայացքով անգամ տեսանելի է, որ Սերժիկ Սարգսյանի «հաղթանակած» տեղամասերում մասնակցությունը ակնհայտ բարձր է: Նման արդյունք հնարավոր է եղել ապահովել է ոչ միայն ընտրակաշառքի ու այն վերահսկող կարուսելի, այլ հատկապես բացակա ընտրողների փոխարեն քվեարկելու շնորհիվ: Սա ապացուցվում է այն իրողությամբ, որ ռեժիմը ընտրողների ռեգիստրում համառորեն պահպանում է հանրապետությունից մշտապես բացակայողներին, գաղտնի է պահում ստորագրված ցուցակները եւ գործածում է անհետացող թանաք:         

Պարզ է, որ վերահսկողություն, ինչպիսին իրականացվեց 10/9 տեղամասում, հնարավոր չէ կազմակերպել համատարած: 

Ակնհայտ է, որ կոնկրետ գործառույթ իրականացնող հանձնաժողովի անդամը, չի կարող տեսնել, թե ինչպես իր գործընկերները համագործակցելով կրիմինալի հետ բացակա ընտրողների հաշվին   ավելացնում են իշխանության  ձայները: Չի կարող կանխել ազատ քվեաթերթիկի դուրս բերումը կարուսել իրականացնելու նպատակով:

Այդ ամենը անգամ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը չեն կարող լիարժեք վերահսկել քվեարկության գործող կարգի պայմաններում:

«Ընտրական օրենսգրքում» հաշվենկատորեն պահպանված սողանցքները հնարավորություն են տալիս գործող իշխանությանը քողարկված կեղծիքների ու վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում  ունենալ շուրջ 30%-ի առավելություն: Միամտություն է կարծել, թե գործող ռեժիմը երբեւէ քաղաքական կամք կցուցաբերի եւ կկազմակերպի ազատ ու թափանցիկ ընտրություններ, որովհետեւ նա ուղղակի նման կամք չունի: Հետեւաբար այսօր խորհրդարանում արտացոլված ընդիմադիր քաղաքական ուժերը`«Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, պարտավոր են համախմբվել  «Ընտրական օրենսգրքում» հրատապ փոփոխություններ կատարելու նպատակի շուրջ: Այն փոփոխությունների, որի  քննարկումը նախորդ աշնանը տապալվեց  իշխանության նախաձեռնությամբ՝   ընդիմության հրավիրած արտահերթ նստաշրջանը բոյկոտելու միջոցով: Այդ փոփոխությունների արդյունքում կբացառվեն բազմակի քվեարկությունն ու կարուսելը, հնարավորություն կընձեռվի վերահսկողություն իրականցնել մեկ անձի՝ նույնիսկ մեկ հանձնաժողովի անդամի կողմից  եւ այլն…

Ընդիմությունը պարտավոր է նման նախաձեռնությամբ հանդես գալ հենց հիմա՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու փոխարեն, իսկ ավելի ճիշտ այդ ընտրություններին չմասնակցելու գնով:

Դավիթ Մաթեւոսյան

 

 

Նախորդ հոդվածը‘Սենատոր Գարագիոլան ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին հորդորում է ճանաչել ԼՂՀ անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին ‘