‘Վերջին զարգացումները Արտակ Խաչատրյանի առևանգման գործով’

2299

Ինչպես արդեն հայտնի է,  երեկ՝ փետրվարի 7-ին, մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել են և դաժան ծեծի են ենթարկել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Վերջինս մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում: Խաչատրյանն ունի քթի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր և վերքեր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից, ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրությունում:

Երեկ երեկոյան Արտակ Խաչատրյանին հիվանդանոցոում այցելել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հետաքրքրվել է Արտակ Խաչատրյանի առողջական վիճակով, որից հետո որոշ ժամանակ առանձնազրույց է ունեցել դաժանաբար ծեծի ենթարկված երիտասարդի հետ:

Ավելի ուշ արդեն Արտակ Խաչատրյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ նման գործելաոճը անընդունելի եւ զազրելի է: Գագիկ Ծառուկյանն Արտակ Խաչատրյանի հարզատներին վստահեցրել է, որ հետամուտ է լինելու տեղի ունեցած զարհուրելի այս դեպքի բացահայտմանը, եւ որ մեղավորներն անպատիժ չեն մնալու :

Այսօր կեսօրին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ տեղի ունցածը քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի եւ ցինիկ մարտահրավեր է և որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: ԲՀԿ-ն կոչ է արել գրասենյակների ներկայացուցիչներին և ակտիվիստներին՝ կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար:  «Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե Արտակ Խաչատրյանի և մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ: Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը»,- ասված է ԲՀԿ քաղխորհրդի հայտրարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ. Բռնությունները չեն մնալու անպատիժ’
Հաջորդ հոդվածը‘Խելք պետք չէ՞. Հովիկ Աբրահամյանը երկու տողն անգամ կարդում է թղթից (տեսանյութ)’