‘Վերջին օրերին երևանցիներն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է «ատկատը». մամուլ’

932

«Վերջին երկու օրերին երևանցիներն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է «ատկատը»: Տվյալ դեպքում «ատկատը» մայրաքաղաքի մայթերին հաստ շերտով սառույցն է, փողոցների եզրերի երկայնքով կիլոմետրերով ձգվող խորը ցեխաջրերը, թրջված ոտքերը, ամեն պահի ընկնելու և մարմնի որևէ մաս կոտրելու վտանգը, չաշխատող հասարակական տրանսպորտը, կանգառներում ժամերով կանգնելու պատճառով մինչև ոսկորները սողոսկած ցուրտը, ավտոպատահարի «բախվելու» հեռանկարը և այլն:

Երևանի քաղաքապետարանը երեկ այս առիթով հայտարարություն տարածեց, որտեղ նշված են տոննաներով օգտագործված աղի և հարյուրավոր ձյուն մաքրող մեքենասարքավորումների կատարած աշխատանքի մասին տեղեկություններ: Բնականաբար, այդ ամենը տեղ կգտնի նաև քաղաքապետարանի ֆինանսական հաշվետվության մեջ, իսկ ահա վերը նկարագրվածը որևէ հաշվետվության մեջ չի հայտնվի: Եվ երբ Վերահսկիչ պալատը, ասենք, եկող ամառ ստուգումներ անցկացնի քաղաքապետարանում, «ատկատն» այդպես էլ չի հայտնաբերվի:

Ի դեպ, քաղաքապետարանին այս հարցում մեծ ծառայություն է մատուցում նաև ոստիկանությունը: Երեկ «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվել է՝ տեղացած ձյան հետևանքով Երևանում այս օրերին ավտովթարների թիվը սովորականից մե՞ծ է եղել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, թե ավտովթարները պետք է որ շատ լինեին, բայց այդպես չի եղել, քանի որ վարորդները զգույշ են վարում: Ըստ ոստիկանության ամփոփագրի՝ նախօրեին մայրաքաղաքում տեղի է ունեցել 3 ավտովթար, երեկ ոչ մի: Բայց… «Մանր-մունր բախումներ էլ կան»,- ասել է Մալխասյանը: Այդ «մանրմունրերը» չեն արձանագրվել և ամփոփագրում տեղ չեն գտել, դրանց թիվը ոստիկանությունը թաքցնում է: Իսկ դա արվում է միայն մի նպատակով, որպեսզի հարց չծագի՝ բա եթե քաղաքապետարանն այդքան աղ ու բենզին է ծախսել ձնամաքրման աշխատանքների վրա, ինչու՞ է այդքան շատ ավտովթար եղել: Տարոն Մարգարյանն էլ, հասկանում եք, լավության տակ մնացողը չէ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘«ժուչոկագետ» իրավապահները փորձում են փախչել երևույթը դատապարտելու հեռանկարից. մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գյուղատնտեսության նախարարը շատ է ազդվել Սերժ Սարգսյանի ելույթից. Մամուլ’