‘Վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը կփոփոխվի. Ու՞մ համար. Մամուլ’

1183

ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ «ՀԺ»-ի տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։ Սույն տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Հար­ցին՝ ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շե­մը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Եվ ոչ միայն 10 տարվա շեմը (…)»: Սույն առաջարկը Սահմանադրա­կան բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել հենց Վիգեն Սարգսյանը:

Այս կապակցությամբ թերթը եզրակացնում, որ, ամենայն հավանականությամբ, սույն փոփոխությունը արվում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի համար, որը բոլորովին վերջերս է նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում։ Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք և հետևաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ։ «Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը»,-հավելում է թերթը:

Մեր կողմից նշենք, որ դեսպան է նաև Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը:

Հիշեցնենք նաև, որ վերջին համապետական ընտրություններից հետո, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցում ամրագրված էին որոշ հանձնարարականներ, որոնց կատարումն անհնարին է եղել ՀՀ սահմանադրությամբ: Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցում առկա է հետևյալ նախադասությունը. «Թեկնածուների համար քաղաքացիության և բնակության 10 տարվա ցենզը խիստ է և պետք է վերանայվի: Բնակության պահանջը որոշելը չպետք է չափազանց խիստ լինի»:

Նախորդ հոդվածը‘Մամուլը՝ համաներման մասին. Ազատ արձակվածները և համաներման հետևանքները’
Հաջորդ հոդվածը‘Զորավարժանքներ՝ դասալիք նախարարների մասնակցությամբ. մամուլ’