‘Վերջին 5 տարիներին Հայաստանում քաղցկեղով հիվանդությունների թիվն ավելացել է 13.4 տոկոսով’

1266

2008-ից 2012 թվականն ընկնած ժամանակահատվածում Հայաստանում քաղցկեղով հիվանդությունների թիվն ավելացել է 13.4%, իսկ մահվան դեպքերի թիվը`6.7%: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱՆ Ազգային օնկոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

Նրա խոսքերով, ամեն տարի հանրապետությունում բացահայտվում է քաղցկեղով հիվանդությունների 8 հազար նոր դեպքեր: Քաղցկեղի ամենատարածված ձևերը Հայաստանում հանդիսանում են թոքերի, ստամոքսի և կրծքագեղձի քաղցկեղները: Միևնույն ժամանակ, Բազիկյանը նշել է թոքերի քաղցկեղով հիվանդությունների որոշակի նվազման միտումները: Այսպես, եթե 2008 թվականին բացահայտվել էր 1276, ապա 2012 թվականին դրանց թիվը կազմել է 1214 դեպք: Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին տարիներին դիտվում է նաև շագանակագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքեր: 

Բազիկյանը նշել է, որ օնկոլոգիական չարորակ հիվանդությունների բուժման լավագույն միջոցը դեռևս մնում է պրոֆիլակտիկան: Ինչ վերաբերվում է ժառանգականության գործոնին, ապա, ինչպես նշել է փորձագետը, դրան ընկնում է քաղցկեղով հիվանդանալու դեպքերի միայն 10-15%-ը: Այս կապակցությամբ բժիշկը կանանց խորհուրդ է տվել 30 տարեկանից հետ տարեկան մեկ անգամ անցնել բժշկական հետազոտություն:

Ինչպես նշվել է, քաղցկեղի առաջին փուլում բուժումը կազմում է 90-95%, երկրորդ փուլում այս ցուցանիշն իջնում է մինչև 60%: Միաժամանակ Բազիկյանը ցավով է նշել, որ ներկայումս քաղցկեղով հիվանդությունների 42-46%-ը բացահայտվում է ամենավերջին փուլում:

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների, քաղցկեղը հանդիսանում է մահվան հիմնական պատճառներից մեկը ողջ աշխարհում: Տարեկան արձանագրվող մահվան դեպքերի մեծ մասի պատճառ են կազմում թոքերի, ստամոքսի, լյարդի, հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղով հիվանդությունները: Քաղցկեղով հիվանդությունների մոտ 30%-ը հետևանք են քաղցկեղի 5 հիմնական գործոնների, որոնք կապված են մարդու վարքի և սննդի հետ, մասնավորապես, մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, մրգերի և բանջարեղենի անբավարար օգտագործումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ծխախոտը և ալկոհոլը:

Ըստ ԱՀԿ կանխատեսումների, քաղցկեղով հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերը կշարունակեն աճել և 2030 թվականին քաղցկեղի հետևանքով մահվան դեպքերը կանցնեն 13.1 միլիոնից: 

Նախորդ հոդվածը‘Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը պարել է քաղաքային խորհրդի նիստում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վալենսան պարտություն է կանխագուշակում Եվրամայդանի համար’