‘ՎԶԵԲ-ը 120 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին’

871

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մինչ տարվա վերջ լրացուցիչ 120 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի Հայաստանում, որը մասնավորապես կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին: «Վերջին 20 տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանի 120 նախագծերի իրականացման համար 1 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել: Ի տարբերություն այլ  միջազգային կազմակերպությունների, մեր ուշադրության առարկան մասնավոր հատվածն է»,-հավելել է ՎԶԵԲ նախագահը:

Նա կարևորել է Հայաստանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլերը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանին 5,4 միլիոն եվրո սուվերեն վարկ է տրամադրել, որն ուղղվելու է Երևանի 1,1 միլիոն բնակիչների ջրամատակարարման բարելավմանը: «Մեր կողմից տրամադրված ներդրումները կնվազեցնեն ջրի կորուստներն ու գործառնական ծախսերը: Կբերալավվի նաև խմելու ջրի որակը: Ծրագիրը կիրականացվի երեք տարվա ընթացքում և ապագայում կվերացնի ջրի սակագնի հնարավոր բարձրացման ռիսկը»,-ասաց նա:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին երկօրյա այցով Հայաստան է ժամանել հուլիսի 18-ին: Նրա այցը համընկել է Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության մեկնարկի 20-րդ տարեդարձի հետ: Սումա Չակրաբարտին ՎԶԵԲ նախագահ է ընտրվել 2012  թվականին, գրում է «Արմենպրեսը»:

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 19-ին տեղի ունեցած պատահարները ըստ ԱԻՆ-ի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Յա՜ գիծը, յա՜ գծատերը ‘