‘ՎԶԵԲ-ը 2015-ին Հայաստանի տնտեսության զրոյական աճ եւ ռեցեսիայի բարձր ռիսկ է կանխատեսում ‘

1044

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է Հայաստանի տնտեսության զրոյական աճ 2015-ին: Այս մասին ասվում է ՎԶԵԲ հրապարակած «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: January 2015» զեկույցում: Ընդ որորւմ, բանկի կանխատեսումների համաձայն, անցած՝ 2014-ի աճը կկազմի 3%:

ՎԶԵԲ-ի նախորդ՝ սեպտեբերի զեկույցում 2015-ի համար կանխատեսվում էր 3,5 տոկոս աճ:

Նշվում է, որ կանխատեսումների վատթարացման պատճառն ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ մի քանի այլ երկրներում պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ եւ ՌԴ տնտեսության վատթար վիճակով:

«Ռուբլու կուրսի անկումն արդեն հանգեցրել է Ռուսաստանից դեպի Միջին Ասիայի եւ Կովկասի երկրներ դրամական փոխանցումների կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել է տեղական արժույթների արժեզրկման: Ռուսաստանում ճգնաժամի աճին զուգահեռ կշարունակվի նրա հետ տնտեսապես կապված երկրներում իրավիճակի վատթարացումը», — ասվում  ՎԶԵԲ զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում ազգային արժույթները ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել են 10-35%-ով, իսկ ամենաբացասական միտումներն արձանագրվել են Բելառուսում, Թուրքմենստանում եւ Հայաստանում:

ՎԶԵԲ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանում եւ Մոլդովայում 2015-ին ռեցեսիայի՝ տնտեսական անկման մեծ ռիսկ կա՝ տարածաշրջանի երկրների տնտեսությունների աճի տեմպերի դանդաղեցման պատճառով նաեւ:

Նախորդ հոդվածը‘Նիկոլայ Սվանիձե. Պերմյակովի նկատմամբ արդարադատությունը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Երկիրը հերթական ցնցման մեջ էր, ու իշխանություն չկար’