‘ՎԶԵԲ. Պատժամիջոցները կդառնան լճացման և արժեզրկման պատճառ Ռուսաստանում’

1076

Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ սեպտեմբերին Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հատկապես ցավոտ կլինեն Մոսկվայի համար, քանի որ առնչվում են նավթային սեկտորին, ինչը ռուսաստանյան տնտեսության միջուկն է:

Նման եզրակացություն է պարունակում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական աճի վերաբերյալ ՎԶԵԲ-ի հրապարակած կանխատեսումը:

Ըստ այդմ՝ մինչև այս տարեվերջ Ռուսաստանի տնտեսությանը լճացում է սպասվում: Համեմատության համար՝ մայիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսել էր, որ ռուսաստանյան տնտեսությունը եկող տարի կաճի 0,6 %-ով:

Արևմուտքի պատժամիջոցները ցավալի են անդրադառնում Ռուսաստանի տնտեսության վրա՝ սահմանափակելով ընկերությունների մուտքը միջազգային արժույթի շուկա և կրճատելով մասնավոր ներդրումների ծավալը, նշել են ՎԶԵԲ-ում:

Բացի այդ՝ Ռուսաստանի տնտեսությանը կարող են վնասել նաև Մոսկվայի պարենային պատժամիջոցները Արևմուտքի հանդեպ: ՎԶԵԲ-ի հաշվարկներով՝ ռուսաստանյան պատասխան սանկցիաների հետևանքով արժեզրկումը կարող է ավելանալ ևս 0,1 կամ 0,2 %-ով:

Արևմտյան ավիաընկերությունների համար Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների հնարավոր արգելքը կշոշափի ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արևմտյան տնտեսությունները, ասվում է զեկույցում: Նման միջոցառումները «Աերոֆլոտ» ընկերությանը տարեկան 300 մլն դոլարի կորուստ կպատճառեն, իսկ արևմտյան ավիաընկերություններն ստիպված կլինեն ավելի երկար երթուղիներ ընտրել, ինչն էլ կհանգեցնի ավիատոմսերի գների կտրուկ աճի: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վիսկի, ոչխարներ, Դունկան Մաքլաուդ. Շոտլանդիայի ամենահայտնի ոչ պաշտոնական խորհրդանշանները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Times. Աֆորիզմների Օքսֆորդյան բառարանը համալրվել է Սթիվ Ջոբսի և Լեդի Գագայի ասույթներով’