‘Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել (տեսանյութ)’

1086

2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Դրանց թվում նախատեսված էր նաև հունիսի 26-ին այցելել Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Բարձրանալով Գեղի գետի վերին հոսանքները՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, բնապահպանները երեկոյան ժամը վեցից հետո հասել են հանքավայրի տարածք և ականատես եղել վթարային ացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը, մեր կարծիքով, ճիշտ չի կառուցված և գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի՝ նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:

Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է մի աղետալի վիճակ. պլաստիկե խողովակաշարը, որի միջով հոսում է լեռնային գետը, վարարման պատճառով մի քանի տեղից պայթել է, և ջուրը հոսել-լցվել է պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս ամենի մասին բնապահպանները անմիջապես ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Բնապահպանների այցելության պահին նկարահանած տեսանյութում ակնհայտ երևում է, որ գործող պոչամբարի մեծ մասը լցված է գետի ջրով` ինչն ակնհայտորեն խողովակաշարի՝ 4-5 տեղից պայթյունի հետևանք է: Այդ խողովակաշարը գտնվում է պոչամբարից ավելի բարձր նիշի վրա, և բնականաբար վթարի հետևանքով արտահոսած ջուրը այլ տեղ չուներ լցվելու, բացի պոչամբարից: Իսկ պոչամբարի պատվարի ներքևի մասում տեղադրված խողովակից դուրս է գալիս ոչ թե «նորմայի սահմաններում» ջուր` ինչպես պնդում են պատասխանատուները, այլ թափոնաջուր, որն էլ նորից գնում-լցվում է գետը: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները նմուշառում պետք է կատարեին ոչ թե Գեղի գետում, այլ հենց այդ խողովակից դուրս եկող ջրում: Իսկ թե ե՞րբ է իրականում տեղի ունեցել վթարը և ի՞նչ է կատարվել կոնկրետ վթարի պահին, դժվար է ասել, քանի որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի աշխատակիցներից բացի այլ ականատեսներ չկան: Սակայն դեպքերի ընթացքի տրամաբանական վերլուծությունը և բնապահպանների կողմից տարածքի տեղազննումը հուշում են, որ եթե տեղի է ունեցել գետի այնպիսի հզոր հորդացում, ինչի հետևանքով մի քանի տեղից պայթել է խողովակաշարը, ապա դժվար թե այդ հարվածին դիմանար պոչամբարի թույլ հողային պատվարի վերին հատվածը:

Բնապահպանները սպասում են պետական մարմինների համապատասխան արձագանքին:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Վիլյան պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»’
Հաջորդ հոդվածը‘«Դրածո եւ գտածո» օպերացիան եւ իշխանության խնդիրները’