‘Վիգեն Սարգսյան. Ժիրայր Սեֆիլյանը պետք է դիմի` քաղաքացիություն ստանալու համար’

905

Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումից հետո այլեւս չի դիմել, դրա համար դժվար է նրան քաղաքացիություն շնորհել, Ազգային ժողովում հայտարարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:

«Դուք գիտեք, որ քաղաքացիության շնորհումը մերժելը որևէ բացատրություն չի նախատեսում, այն կարող է տրվել կամ մերժվել առանց որևէ բացատրության: Պարոն Սեֆիլյանը մերժում ստանալուց հետո չի վերադիմել, դրա համար շատ դժվար է նրան քաղաքացիություն շնորհել»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը: Նա այս առիթով նույնիսկ հայտնի անեկդոտն է հիշել` ««Լատարեյ» շահելու համար գոնե պետք է տոմս գնես»։

«Թող դիմի, այդ ժամանակ աշխատակազմն ամեն ինչ կանի, որ արդյունավետ կերպով, հնարավորինս արագ դիտվի գործը, և որոշում կայացվի»,- նշեց նա։

Անդրադառնալով պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման օրինագծին՝ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ աշխատավարձն ունի յուրաքանչյուր աշխատանքի համար առավել արդյունավետ կադրային համալրման խնդիր:

«Խոսքը չի վերաբերում միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին, օրենքը, այն տեսքով, ինչպես բերվել է, վերաբերում է շուրջ 230 հազար քաղաքացիների, այդ թվում՝ բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, և ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ այդ մարդկանց աշխատավարձը ևս կբարձրանա, կարծում եմ՝ այդ մարդիկ արժանի են բարձր աշխատավարձի, հուսով եմ՝ ԱԺ-ն օրենքն այնուամենայնիվ կհաստատի»,- նշել է նա։

Նախորդ հոդվածը‘Ծանր հիվանդությունը սպառնում է փոքրիկի կյանքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Կան պատգամավորներ, որոնք այդ աշխատավարձի կարիքն էլ չունեն’