Վիետնամը և ԱՄՆ-ը նշել են անհետ կորած զինծառայողների համատեղ որոնման 35-ամյակը

368

Վիետնամական պատերազմում զոհված  և անհետ կորած ամերիկացի զինծառայողների որոնման հարցում Վիետնամի և ԱՄՆ-ի համագործակցությունը շարունակում է դրական արդյունքներ տալ, կատարել իրենց մարդասիրական առաքելությունը՝ օգնելով Հանոյի և Վաշինգտոնի գործընկերությունը բարձրացնելու նոր մակարդակի։

Այդ մասին հայտարարել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Հա Կիմ Նգոկը՝ Վիետնամական պատերազմում ամերիկացի զոհված և անհետ կորած զինծառայողների որոնման հարցում պաշտոնապես համագործակցելու 35-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ, ուրբաթ օրը հաղորդել է Vietnam News թերթը։

Պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների աճյունները որոնելու և անունները պարզելու հարցում Վիետնամի և ԱՄՆ-ի համագործակցությունն սկսվել է Հնդկաչինում 1975 թ․ ամերիկյան ռազմական կամպանիայի ավարտից անմիջապես հետո։ Այն զգալի աշխուժացել է, երբ 1988 թ․ Վիետնամում սկսել է գործել ԱՄՆ ՊՆ-ին կից՝ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և գերեվարված զինվորների հաշվառման տարածքային գործակալության գրասենյակը։ Վիետնամա-ամերիկյան համատեղ աշխատանքների արդյունքում Միացյալ Նահանգները հաջողությամբ նույնականացրել և հայրենիք է վերադարձրել մոտավորապես հազար զինվորի աճյուն։

Հնդկաչինում պատերազմի ընթացքում դրա ավարտի պահին անհետ կորած էին համարվում ավելի քան 2 հազար  ամերիկացի զինվոր և քաղաքացիական անձ։ Դրանցից 1900-ը չեն վերադարձել Վիետնամից, մոտավորապես 500-ը՝ Լաոսից, իսկ 90 զինվոր անհետ կորել է Կամբոջայի տարածքում։

Պատերազմի ընթացքում զոհվել է 3 մլն վիետնամցի, 4 միլիոնից ավելին դարձել է հաշմանդամ կամ տուժել ԱՄՆ-ի բանակի կիրառած քիմիկատներից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԷդեն Ազարը մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում